Tert.am–ը գրում է.
Շվեդիան ճանաչվել է լավագույն երկիր իր բնակչության շահերին ծառայելու տեսանկյունից` միևնույն ժամանակ վնասակար ազդեցություն չունենալով այլ ժողովուրդների և երկրների վրա։
Ինչպես հայտնում է The Independent-ը` Շվեդիան գլխավորել է 163 երկրներից բաղկացած ցուցակը, որը կազմվել է ՄԱԿ-ից և Համաշխարհային բանկից ստացված 35 առանձին ցուցանիշների հիման վրա:
«Լավ երկրի ինդեքս» ցանկում Շվեդիան առաջատար է դարձել դրական կենսակերպին (հավասարություն, առողջություն, բարգավաճում, բարեկեցություն) նպաստող պայմանների շնորհիվ:
Այս ցուցանիշով լավագույն երկրների առաջատար տասնյակում են ընդգրկվել նաև Դանիան, Նիդեռլանդները, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Ֆինլանդիան, Կանադան, Ֆրանսիան, Ավստրիան և Նոր Զելանդիան:
163 երկրի շարքում Հայաստանը ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը: Իսկ առանձին ցուցանիշներով` մեր երկիրը 95-րդն է միջազգային անվտանգության առումով, 48-րդ-ը` գիտության և տեխնոլոգիաների զարգացման, 44-րդը` հավասարության և բարգավաճման, 69-րդը` առողջապահության և բարեկեցության, 105-րդը` մշակութային զարգացման առումներով: