Վերջին ժամանակներս հանրային օրակարգի առանցքային թեմաներից մեկը վերաբերվում է պետության կողմից հակակոռուպցիոն ու հակամենաշնորհային քաղաքականությանը: Ինչպիսի՞ն կլինեն քայլերը, պետությունը կխորացնի՞ որդեգրած գիծը: Այստեղ կարծիքներն, ինչպես և սպասվում էր, խիստ հակասական են: Հնչում էին տեսակետներ առ այն, որ նկատելի են պետության նոր քաղաքականության առաջին բողբոջները` մատնանշելով ծառայողական մեքենաների կրճատումը, մյուս մասն էլ պնդում էր, որ միևնույն է լուրջ փոփոխություններ նկատելի չեն:
Տրամաբանական էր, որ այս շրջանակներում պետք է ծավալվեն քննարկումները
Ինչևէ, այստեղ հարցը այլ հարթության մեջ է: Եթե մի կողմ թողնենք հուզականությունը և իրերին սթափ նայենք, ապա ակնհայտ է, որ ոչ պետական կառավարման օղակներում նստածներն են սուրբ, ոչ էլ հանրությունն է կրում ամենաբարձր սոցիալիստական արժեհամակարգը: Մեկ օրում ամբողջ դաշտը կազդուրելը ֆանտազիայի ժանրից է:
Այս տարիների ընթացքում մենք տեսել ենք ու համոզվել ենք, որ Հայաստանի պես երկրում ռեվոլուցիոն լուծումները չեն աշխատում, նամանավանդ, երբ խոսքը վերաբերվում է կոռուպցիայի ու մենաշնորհների նվազեցմանը, ապա նման լուծումները կարող են խիստ պայթյունավտանգ լինել: Միանշանակ, հանրությունը պետք է այս խնդիրները մշտապես պահի ուշադրության կենտրոնում ու սուր քննադատության ենթարկի ռիսկային բոլոր ոլորտները, բայց մյուս կողմից էլ պետության կողմից արված ցանկացած դրական քայլ, որը միտված կլինի խնդիրների լուծմանը, պետք է արժանանա խրախուսանքի: Հակառակ դեպքում, եթե յուրաքանչյուր արված քայլ հանդիպի հանրային ճնշման ու գլոբալ քննադատության կոնտեքստ մղվի, պետությունն էլ կհայտնվի փակուղում:
Գլոբալ իմաստով մեր նպատակը հավերժ բանավեճերը չեն, բոլորս էլ ցանկանում ենք, որ փոփոխությունների գործընթացը շարունակական ու փուլային լինի: Այնպես չէ, որ հնարավոր է երբևէ զերծ մնալ խնդիրներից ու կառուցել իդեալական հասարակարգ: Անհրաժեշտ է գտնել շարունակաբար կատարելագործվող մեխանիզմ մեր իրողությունների պայմաններում: