Tert.am-ը գրում է.

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցումն էական ազդեցություն է ունենալու ցեմենտի և ապակու ինքնարժեքի վրա, մեքենաշինության ոլորտում գնի լուրջ փոփոխություններ չեն սպասվում. այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ ասաց  Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
 

Նա նշեց, որ գնի իջեցումը տեղական արտադրողների մոտ,  այնուամենայնիվ, դրական արձագանք է ստացել:

«Տեղական արտադրողների վերաբերմունքը գազի գնի իջեցման վերաբերյալ  դրական է, հատկապես այն արտադրողների, որոնց գործունեությունը կախված է գազի և էլեկտրաէներգիայի օգտագործման հետ, օրինակ՝ ապակու, շշերի պատրաստման  հետ է կապված»,- ասաց նա և նշեց, որ օրինակ՝ ցեմենտի ինքնարժեքը կիջնի 4-5 տոկոսով:

Ըստ Վազգեն Սաֆարյանի՝ սակագների իջեցումների միտումը պետք է շարունակական լինի, ՀԷՑ-ն ու «Գազպրոմ Արմենիան» պետք է օպտիմալացման ծրագրեր իրականացնեն, որպեսզի  այն էական ազդեցություն ունենա տնտեսության զարգացման վրա:

Ըստ նրա՝ պետք է նաև մեծացնել գազի ծավալը. «Մի կողմից պետք է գազի գինը իջեցվի, որպեսզի բնակչությունը կարողանա ավելի շատ գազ օգտագործել, այդ դեպքում նրանց շահույթը կմեծանա, որովհետև գազի ծավալների իրացումը կմեծանա:  Մյուս կողմից մենք  պետք է քայլեր կատարենք, որ մեր գազի գինը դառնա այնպիսին, ինչպիսին Ռուսաստանում է՝ մոտ 130 դոլարի սահմանում, որովհետև, եթե մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք և այնտեղ ծառայությունների, մարդկային ուժի, կապիտալի տեղաշարժը պետք է ազատ լինի, այս դեպքում ապրանքների մրցունակության խնդիր կա: Մենք պետք է այնպիսի էներգակիրների սակագներ ունենանք մեզ մոտ, ինչպիսին Ռուսաստանում է, Բելառուսում և այլն, այլապես այդ չորս ազատությունների սկզբունքը չի կարող գործել, և դա կդառնա ոչ արդիական»։

Վազգեն Սաֆարյանն ավելացրեց նաև, որ այս գործընթացներին զուգահեռ պետք է ձգտենք  նաև իրանական կողմից շատ գազ ստանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել