BlogNews.am-ը շարունակում է բացահայտել ֆեյսբուքահայերին: Այսօր մեր զրուցակիցն է «Իմ ու քո ընկեր ֆեյսբուքցի» Վահան Ասատրյանը:
Ե՞րբ եք առաջին անգամ ոտք դրել բլոգոլորտ:
Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը: Արևի առաջին ճառագայթների ներքո մտա... ասենք չէ, սա արդեն եղել է... 2000թ. ապրիլի երկուսին։
Ի՞նչը առիթ հանդիսացավ, որ որոշեցիք Ձեր մտքերով կիսվել նաև հանրության հետ:
Զայրույթը, տեխնոլոգիաները, հանրությունը...
Ի՞նչ է նշանակում Ձեր բլոգի nickname-ը:
Լավ անեկդոտ կա. քյավառցու գլխին ջահելները փորձում են օյին խաղալ ու հարցնում են, թե. «Հայրիկ ջան, ճիշտ ա՞, որ դուք էշին ումուդ եք ասում»... քյավառցին պատասխանում է. «խա, ումուդ ջան»... umood-ը... բացատրական, արմատական, հոմանիշների ու մյուս բառարաններում չկարողացա գտնել... կարծեմ արաբերեն առանցք պիտի որ նշանակի...
Ձեր բոլոր ընկերները գիտե՞ն, որ այդ nickname-ի տակ Դուք եք հանդես գալիս:
Ընկերները՝ գիտեն:
Հայկական բլոգոսֆերայում Ձեզ համար ամենահետաքրքիր 5 բլոգերները:
ovanitas, երջանկահիշատակ Զորիկը, Shur, Cornelij, իսկ հինգերորդը՝ անկրկնելի մյուս բոլոր ընկերները... յուրաքանչյուրը ամենահետաքրքիր է...
Ձեզ կարելի է համարել հայկական բլոգոլորտի հիմնադիրներից, բայց վերջին ժամանակներում ավելի ակտիվ եք Ֆեյսբուքում, և պասիվ Կենդանի մատյանում, ո՞րն է բլոգոլորտը թողնելու պատճառը:
Ինձ կարելի է համարել, թերևս, միայն երկու զավակներիս հիմնադիրը, մյուս առումներով «հիմնադիր»-ը խիստ չափազանցված է... իսկ ֆեյսբուքում տնավորվելու պատճառը... երևի ֆեյսբուքում ջուրն ավելի արագ է հոսում, ԿՄ-ն ավելի լճի է նման՝ հարթ ու խաղաղ մակերեսով, Ֆեյսբուքը՝ արագահոս լեռնային գետի... գետում ինձ ավելի լավ եմ զգում...
5 բան առանց որոնց Ֆեյսբուքը շատ ավելի լավը կլիներ:
1. գովազդները
2. ֆեյքերն ու ֆեյքերի անպատժելիությունը
3. հաջորդ երեք կետերը շարադրում եմ մտքում, քանի որ դրանք միշտապես ուղեկցվում են Մարկ Ցուկերբերգին ուղղված այնպիսի խոսքերով, որոնք չի հրապարակի իրեն հարգող որևէ լրատվամիջոց կամ հարթակ:
Մարդիկ, ում ընկերության հայտը Ֆեյսբուքում երբեք չեք ընդունի:
Հումորի զգացում չունեցող մարտնչող կիսագրագետները (թարսի պես, շատ են)
Ի՞նչ է տալիս Ֆեյսբուքը Վահան Ասատրյանին, և ինչ է տալիս Վահան Ասատրյանը Ֆեյսբուքին:
Վահան Ասատրյանը ֆեյսբուքին տալիս է իր կյանքի րոպեները, ժամերն ու օրերը, փոխարենը ստանում ընկերների կյանքի րոպեները, ժամերն ու օրերը... նման փոխանակությունն ավելի քան օգտակար է...
Ձեր գրառումների պատճառով երբևէ խնդիրներ ունեցե՞լ եք:
Չեմ ունեցել, բայց հույսս չեմ կորցրել, որ երբևէ անպայման պիտի որ ունենամ...
Ի՞նչ ասելու կամ անելու համարձակություն երբեք չեք ունենա:
Հեռանալու...
Ո՞րն է Ձեր կողմից ամենից հաճախ օգտագործվող բառը և tag-ը:
«առաջարկում եմ»
Ձեր սիրած 3 գրքերը:
1. Քաջարի զինվոր Շվեյկի արկածները
2. Фейнмановские лекции по физике
3. Practical Guide to Contract Procedures for EU External Actions (PRAG):
Կհիշեք որևէ տպավորիչ միտք այդ գրքերից:
«Ես համբերատար մարդ եմ՝ կարող եմ և ուրիշի կարծիքը լսել»:
Ձեր սիրած 3 ֆիլմերը:
Seven Samurai (1954), Ikiru (1952)…
Fullmetal Alchemist (2003–2004), Princess Mononoke (1997) ու մի քսանից ավելի լավ անիմեներ...
Մենք ենք մեր սարերը, Սարոյան եղբայրներ, Աշնան արև, Խոշոր շահում, Զինվորն ու փիղը. Տղամարդիկ. Եռանկյունի, Մենավոր ընկուզենի, Մոռացված նախնիների ստվերները, Կորիոլան, Հին օրերի երգը, Համլետ, Ռոստամ և Սոհրապ, Կտոր մը երկինք, Երկունք, Քաոս, Հայրիկ, Բարև, ես եմ, Ճանապարհ դեպի կրկես, Տժվժիկ, Ինչու է աղմկում գետը, Ոսկե ցլիկ
shazam արած վերջին 3 երգերը:
Շազամ, շազամ... հմմմ, պետք ա փորձել, կյանքը կարճ ա...
Ի՞նչի մասին եք ամենից շատ մտածում:
Հենց դրա մասին, ինչի մասին մտածեցիք էս տողերը կարդալիս...
Ձեր ամենամեծ թուլությունը և ամենամեծ ուժը:
Խիղճը:
Վերջին գնումը, որը Ձեզ երջանկացրել է:
Ինձ երջանկացրել են. (ա) իմ ծնողները՝ ակամա, (բ) մի աղջիկ, որը հրաժարվեց ընկերության առաջարկից, (գ) մի աղջիկ, որն ընդունեց ամուսնության առաջարկս, (դ) երեխաներս՝ ակամա... մնացած մանր-մունր ուրախությունները լցրել են էս երջանկացումների արանքը, օրինակ՝ ... մմմմ, չէ որ ասեմ, կստացվի ձրի գովազդ...
Ձեր սիրելի կերակուրը և խմիչքը:
Ուտել սիրում եմ. կարևորը՝ համով լինի... խմիչքը... ազնիվ խոսք, մեր տան ջուրն էի սիրում, մինչև Երևան Ջուրը ինչ-որ բան արեց էս տարի ու մեր անմահական ջրի համը փոխվեց տրամագծորեն... մի խոսքով, հողը չգիտեմ, բայց ջուրը խլեցին...
Հավաքածու ունե՞ք:
Հիշողություններ եմ հավաքում:
Եթե ունենայիք ինքնաթիռի տոմս, ո՞ր երկիր կմեկնեիք:
Ճապոնիա, բայց հետադարձն էլ պիտի տան...
Եթե իմանայիք, որ ամբողջ աշխարհը Ձեզ լսում է, ի՞նչ կասեիք:
Երևի նույնը, ինչ Բրոյւս Ուիլիսը «5-րդ էլեմենտում» կամ էդ տեսակ մի անկապություն... այ, եթե ամբողջ աշխարհին լսել ստացվեր...
Հարց, որը կցանկանայիք Ձեզ տային:
«Ձեր աղջիկը քանի՞ տարեկան է...»:
Ուղարկեք մեզ Ձեր համակարգչի դեսքթոփի սքրինշոթը:
Գիտեմ հավատալու չի, բայց ստեղնաշարի Print Screen (PrtScn) ստեղնը չի աշխատում, բայց դա մի ուրիշ պատմություն է...
Ժառանգություն, որը կցանկանայիք թողնել սերունդներին:
Ամուր խաղաղություն, խաղաղ ամրություն:
Վահան Ասատրյան բլոգը՝ այստեղ, Facebook-յան էջը և Բլոգնյուզ-յան գրառումները՝ այստեղ և այստեղ:
Պատրաստեց` Անի Հակոբյանը



