Lurer.com-ը գրում է.
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարզիկների օլիմպիական գյուղն արդեն պատրաստ է:
Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական գյուղն ունի 17 հարկից բաղկացած 31 կառույց: Օլիմպիական ավանում կա 3604 սենյակ, որոնք նախատեսված են մոտ 10500 մարզիկի համար: Առավել քան 13.000 կամավորներ և աշխատակազմի ներկայացուցիչներ կսպասարկեն օլիմպիական գյուղի բնակիչներին: Այն ամենամեծ գյուղն է Օլիմպիական խաղերի պատմության մեջ:
Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը` 17 օրվա ընթացքում աշխարհի 206 երկրից մոտ 10,500 մարզիկ կմրցի 306 մեդալի հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական կառույցներում: Այս խաղերի (Օլիմպիական խաղեր և Պարալիմպիկ խաղեր) թալիսմանները՝ Վինիսիուսը եւ Թոմը, իրենց մեջ կրում են բրազիլական ֆլորայի և ֆաունայի տարրերը: Օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի թալիսմանները կոչել են բրազիլական երաժշության լեգենդներ Վինիսիուս դի Մորայսի և Անտոնիա Կարլոս Ջոբինի (Թոմ Ջոբին) պատվին: Իսկ Օլիմպիական խաղերի ջահի արտաքին տեսքի գույները նմանեցված են Բրազիլիայի դրոշին, ինչպես նաև խորհրդանշում են երկինքը, երկիրը, ծովը և հողը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:



