Tert.am-ը գրում է.
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանն, ասաց, որ աշխարհում մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Ցեղասպանության ճանաչումը դարձել է արտաքին աշխարհում արտաքին հարաբերությունների գործիք:
Նա կարծում է, որ հայկական կողմը պետք է իմանա, թե այդ բանաձևն ինչպես օգտագործի՝ հայկական շահերն առաջ տանելու առումով: «Պետք է կարողանանք գիտակցել, որ եթե մենք նախաձեռնողը չլինենք այդ բանաձևի ճիշտ կիրառման հարցում, ուրիշները կարող են օգտվել այդ գործիքից»,-ասաց պատգամավորը:
Թևան Պողոսյանն ասաց, որ հայ-գերմանական հարաբերություններում հերթական մի դրական էջ բացվեց, սակայն պետք է զգուշանալ, որ դա չունենա այլ հետևանքներ, և Գերմանիան պահանջներ չներկայացնի հայկական կողմին:
Պատգամավորը նկատեց, որ առաջին անգամ էր ընդունվում այդքան քաղաքականություն առաջացնող փաստաթուղթ: «Գլխավոր խնդիրն այն է, որ Թուրքիան գա այն ճնշման աստիճանի, որ գիտակցի ժխտելն ավելի թանկ է իր համար նստում, քան ընդունելը»,-ասաց նա և նշեց, որ Թուրքիան այն ժամանակ կճանաչի Ցեղասպանությունը, երբ իր հաշվարկների մեջ հասկանա, որ ժխտելն ավելի մեծ կորուստներ է բերում իր համար:
Ինչ վերաբերում է Թուրքիա-Գերմանիա հարաբերություններին, պատգամավորն ասաց, որ արդեն Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Գերմանիայից, սակայն, երբ նայում ենք, թե որքան է տևել այդ քայլը մյուս երկրների դեպքում, ապա Ֆրանսիայի դեպքում այն տևել է ութ ամիս, այլ երկրների դեպքում երեք-չորս ամիս, եղել է նաև երկու շաբաթ է տևել: «Կարող է հինգ կամ տասը օր տևի, այսօրվա դրությամբ գերմանաթուրքական հարաբերություններն այնքան ներկախվածության խնդիրներ ունեն, որ Թուրքիան մի քանի օր հետո սկսելու է քայլեր ձեռնարկել»,-ասաց նա և նշեց, որ Թուրքիան վերջին երկու տարվա ընթացքում իր քաղաքականությամբ շատ մեծ հարվածներ հասցրեց իր տնտեսությանը: Ըստ նրա՝ Թուրքիան և Գերմանիան կգտնեն այն ուղիները, որ կարգավորեն իրենց հարաբերությունները, իսկ Թուրքիայի ժխտողականությունը սկսում է ավելի ու ավելի աշխատել իր դեմ:



