Լույսը դեռ նոր նոր էր բացվում ու ականջովս ընկավ քրդի ձայնը, ով կնոջն էր շտապեցնում , որպեսզի մինչև իմ արթնանալը խոտ քաղը ավարտին հասցնեն, որովհետև օրվա ընթացքում ինձ պետք է ուղեկցեր տարբեր վայրեր:
Քրդի կինը հայի արյուն ուներ, հորական կողմից հայ էր, մահմեդական հայ... Չնայած ասում են, որ լուսաբացի քունը շատ հաճելի է, բայց չգիտես ինչու Էրգրում իմ աչքերի քունը փախնում է: Հագնվեցի ու դուրս եկա բակ... Դեմս Ալաշկերտի դաշտն է, որի վրա նստած է ոչ թանձր մառախուղը: Գյուղի դիրքն այնպիսին է, որ որ ինչպես էլ նայես Ալաշկերտի դաշտը ափիդ մեջ է երևում... Կորնգանը ծաղկել էր ու ծաղկի բույրը ուղղակի արբեցնում էր: Մտքերով գնացի պապերիս հասա, աչքիս առաջ նախապապիս ու նախատատիս պատկերացրեցի, որոնց արտաքին տեսքի մասին անգամ պատկերացում չունեմ, սակայն պատկերացրեցի... Նրանք ցուցումներ էին տալիս իրենց մեծ գերդաստանի անդամներին, թե ով ինչ գործ է անելու: Աչքերիս դեմը եկավ նախատատս, ով ինչ որ փոքրիկ աթոռակը դրեց ու սկսեց կովը կթել, իսկ կաթը փրփրում ու փրփրում էր, նախապապս որդիների հետ՝ գերանդին ուսին գնաց դաշտի կողմ...
-Կարեն աբի, բեյանի բաշ...
Քրդի բարի լույսը ինձ հետ բերեց հիշողությունից ու վերադաձա իրականություն: Մեկ ակընթարթում հօդս ցնդեցին պատկերները, իսկ Ալաշկերտի դաշտի վրայից իր փեշերը կամաց-կամաց սկսեց հավաքել մառախուղը...
Բարի լույս Էրգրի կարոտով ապրող ազգ իմ Հայոց...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել