Panorama.am-ը գրում է.

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ և շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերը, ասաց, որ վարչական իրավախախտումների մասին օրենքում առաջարկվող փոփոխություններով պետք է տուգանքներ սահմանվեն այն դեպքում, եթե պաշտոնյաները Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով իրենց հայտարարագրերը կներկայացնեն սահմանված ժամկետի խախտումով:

Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին, ապա, ըստ այդմ, եթե  պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնեն, կպատժվեն տուգանքով կամ ազատազրկմամբ:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ նախագիծը ներկայացված է շատ թերի տեսքով, համաձայնեցված չէ Էթիկայի հանձնաժողովի հետ, որը հիմնական պատասխանատուն է, դրված չէ գործիքակազմը:

«Այս ձևով փոփոխությունների ընդունումը կրելու է ձևական բնույթ, չի ապահովելու դրված խնդիրների լուծումը և պարզապես խաբկանք է ստեղծվելու, որ ուժեղացրել ենք Էթիկայի հանձնաժողովը: Առաջարկում եմ հետաձգել ընդունումը կամ մինչև Ազգային ժողով տանելը լուրջ վերամշակել ու փոխել»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Ի պատասխան՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախագծերի փաթեթը ներկայացված է գործիքակազմի և իրավասության տրամադրման տեսանկյունից, իսկ գործիքակազմի հետ կապված այս պահի դրությամբ քննարկումներն ընթանում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել