Համաձայնեք ՝ չկա մի ծնող, որը չցանկանա  իր երեխայի ծննդյան տարեդարձն իսկական տոնի վերածել: Ներկա պայմաններում, հատկապես մայրաքաղաքի բնակիչների համար այս հարցը, թվում է,ոչ մի խնդիր պիտի չստեղծի  սրճարանների բազմազանություն, ծառայությունների շռայլ ընտրացանկ, շոու-ծրագրի անսահմանափակ տարբերակներ: Բայց եկեք չմոռանանք ամենակարևորի մասին ՝ գումարը, որը մի քանի անգամ ավելին կկազմի, քան եթե միջոցառումը տանը կազմակերպեք: BlogNews-ն այսօր Ձեր ուշադրությանը կներկայացնի մի հրաշալի պլան-ծրագիր, որով առաջնորդվելով Դուք կկարողանաք փոքր գումարներով իսկական մեծ տոն ստեղծել Ձեր փոքրիկի համար հենց Ձեր իսկ տանը: Եվ այսպես, տոնական օրվան պատրաստվելու համար մեզ անհրաժեշտ է կոորդինացնել օրվա պլանը.

Ամենակարևոր կետը ՝ միջոցառման մեկնարկի հստակ ժամը: Միջոցառումը տանն է լինելու, իսկ նշանակված ժամից շուտ եկած հյուրերը կշեղեն Ձեր ուշադրությունն ու դրանով իսկ կխանգարեն: Կոնկրետ նշված ժամը կօգնի Ձեզ խուսափել կողմնակի հոգսերից ու կենտրոնանալ հյուրասիրության պատրաստության վրա:

Տոնական տորթը ՝ օրվա գլխավոր բաղադրիչը: Այն կարող եք պատվիրել և այդպիսով կազատվեք գլխացավանքից, իսկ եթե այնուամենայնիվ  որոշել եք տանը պատրաստել, ուրեմն արեք դա միջոցառմանը նախորդող օրը: Երբեք, ոչ մի պարագայում հանկարծ չնախաձեռնեք այդ գործը հենց հանդիսության օրը: Նախ ՝ ստիպված եք լինելու երկար ժամանակ ծախսել ու չեք հասցնի մնացած գործերը, և երկրորդ ՝ կհոգնեք:

Մենյուն : Այն նախապես կարող եք համաձայնեցնել երեխայի հետ: Սովորաբար նման առիթների ժամանակ երեխաները սիրում են պիցցա, կարտոֆիլ-ֆրի և փայտիկների վրա արված  խորոված կրակի վրա կամ ջեռոցում տապակած, բայց հիշե՛ք՝ խորովածը տապակելուց հետո ենք միայն տեղավորում փայտիկների վրա, այլապես բարակ փայտիկները կրակի վրա արագ կվառվեն: Այս ամենի համար անհրաժեշտ սննդամթերքը գնեք մեկ օր առաջ, իսկ հանդիսության օրը միջոցառման մեկնարկից 1 ժամ առաջ սկսեք պատրաստությունը: Հստակ որոշեք՝ որն է լինելու առաջին ուտեստը և միայն դա պատրաստեք նախապես՝ մինչ հյուրերի գալը: Մնացածն արդեն ընթացքում: Երեխաները սիրում են դադարներով սնվել՝ ընդմիջելով ուտելու պրոցեսը խաղերով, երգ ու պարով: Ընթացքում պատրաստված պիցցան ու ֆրին կամ ֆրին ու խորովածը նախ տաք ու թարմ կլինեն մատուցելու համար, և հետո այդպես Դուք հանգիստ  կհասցնեք  բոլոր գործերը: Բազմազանության համար պատրաստեք մի քանի տեսակի աղցաններ: Հիշեք՝ երեխաների համար կարևոր է ոչ թե աղցանի բաղադրությունը, այլ մատուցման տեսքը: Մրգեղենի մատուցման հարցում ևս գործում է այս օրենքը:

Ըմպելիքներ: Գազավորված ըմպելիքների փոխարեն նախընտրեք կոմպոտներ: Նախ՝ այդպես Դուք շատ ավելի կտնտեսեք գումարը, և երկրորդ՝ տնային պայմաններում թարմ ու համեղ մրգերից պատրաստված կոմպոտը միանշանակ առողջարար է:

Տան զարդարում, տոնական սպասք:  Միջոցառման գեղարվեստական մասը՝ տան զարդարումը անում ենք նախօրյակին: Ցանկալի է դա անել այն ժամանակ, երբ երեխան քնած է: Նախ՝ չի խանգարի, և երկրորդ՝ իր ծննդյան օրվա առավոտը կդիմավորի շատ ուրախ ու երջանիկ, չէ՞ որ տոնական ձևավորված տան տեսքը նրա համար անակնկալ կլինի: Առաստաղը ձևավորելու համար ամենևին էլ պարտադիր չէ հատը 500-700 դրամով գնել հելիումի գազով լիցքավորված փուչիկներ: Գնեք  սովորական փուչիկ (50-70 դրամ), երկու կողմից կպչուն ժապավեն (двухсторонний скотч) և մի քանի մետր գունավոր ժապավեն: Փչեք փուչիկները, վերջնամասում կապեք գունավոր տոնական ժապավենը, իսկ գագաթնային մասում կպցեք երկկողմ կպչուն ժապավենը և կպցրեք առաստաղին: Պատերի ձևավորման համար կարող եք կպցնել երեխայի անունով տառեր,  «Ծնունդդ շնորհավոր» գրություն և նույնիսկ երեխայի ապլիկացիայի աշխատանքները և նկարած նկարները: Մի անկյունում կարելի է երեխայի լուսանկարներով պաստառ հավաքել, որտեղ հյուրերը կտեսնեն նրա վաղ մանկության նկարները: Պաստառը պատրաստելու դեպքում Ձեր հյուրերի ուրախ տրամադրությունը առաջին րոպեից կարող եք ապահովված համարել: Սակայն մի նկատառում․ պաստառը ևս պետք է պատրաստել նախապես, անգամ մեկ շաբաթ առաջ, որպեսզի հետո դրա վրա ժամանակ չծախսեք:

Երեխաները սիրում են, երբ իրենց զբաղեցնում են: Իսկ քանի որ միջոցառումը տանն է, Ձեր զբաղվածությունը թույլ չի տա անընդհատ երեխաների կողքին լինել: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ առաջարկում ենք հրավիրել ծաղրածու կամ մուլտհերոս: Երևանում նման ծառայությունների գները տատանվում են 5000-7000 դրամի սահմաններում: Հրավիրված հերոսի հետ երեխաները իսկապես անմոռանալի ժամանց կունենան: Երգ, պար, մրցույթներ, տորթի հանդիսավոր պահը․ այս ամենի մասին  կհոգա հրավիրված հերոսը, իսկ նրա հեռանալուց հետո նախապես ընտրված երգացանկը կօգնի ինքնուրույն կազմակերպել երեխաների ուրախ ժամանցը: Մրցույթները ավելի հետաքրքիր դարձնելու համար կարող եք նախապես փոքրիկ հուշանվերներ պատրաստել կամ գնել և նվիրել հաղթողներին:

Տոնական օրվա ավարտին երբեք մի՛ նախաձեռնեք նվերները բացելու գործը: Երեխաները շատ անմիջական, պարզ ու միամիտ են, և եթե Ձեր փոքրիկը հանկարծ նվերների մեջ մի բան չհավանի, վստա՛հ եղեք, որ նա այդ մասին անպայման  կբարձրաձայնի: Այդ իսկ պատճառով, եթե չեք ուզում, որ Ձեր հյուրերը Ձեր տնից նեղսրտած հեռանան, նվերները բացեք հանդիսությունից հետո՝ ուշ երեկոյան:

 Ահա այսպես ՝ շատ քիչ գումարով  և հեշտ, կազմակերպված ու անկեղծ սրտով կարելի է տնային պայմաններում իսկական տոն կազմակերպել երեխայի համար: Եվ միշտ հիշեք ամենակարևորը ՝ երեխաները շատ զգայուն են և  չեն կարող չգնահատել այն, ինչը արվում է  նվիրումով ու անսահման հոգատարությամբ:

պատրաստեց՝ Արմինե Հայրապետյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել