Tert.am-ը գրում է.
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տրվեց Չինաստանի հետ օդային հաղորդակցությունների մասին նոր hամաձայնագրի ստորագրմանը:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ համաձայնագրի վերանայումը բխում է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի ոլորտում նոր` «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման և երկու երկրների միջև ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորման անհրաժեշտությունից:
«Գործող hամաձայնագրի նոր խմբագրությամբ նախատեսվում է վերացնել նշանակվող ավիաընկերությունների քանակի և նրանց կողմից առաջարկվող տարողության, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների, սակագների սահմանափակումները, ավելացնել ավիաընկերությունների միջև արդար և հավասար մրցակցության ապահովման, վկայականների և լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ, վերանայվել և արդիականացվել է ավիացիոն անվտանգության վերաբերյալ հոդվածը և սահմանվել են պետությունների կողմից թռիչքային անվտանգության ապահովման պարտավորությունն ապահովող դրույթներ»,- ներկայացրեց Արծվիկ Մինասյանը:
Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև գործող համաձայնագրի վերանայումը և արդիականացումը կնպաստի երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը, ոլորտի ազատականացմանը և կստեղծվեն ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթուղիների սպասարկման համար` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը hամաձայնագրի վերանայումը համարում է նպատակահարմար:



