«Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիր: Թե ինչ քաղաքական և տնտեսական հեռանկարներ կբացվեն այս համաձայնագրի ստորագրմամբ երկու երկրների և հատկապես Հայաստանի համար, հետաքրքրվեցինք իրանագետ Վարդան Ոսկանյանից:
Նրա հավաստմամբ՝ այս քայլը փոխշահավետ համաձայնագիր է: Դրանից կշահի թե՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը, թե՛ Հայաստանը: Քաղաքական առումով այս գործընթացը վկայում է երկու հարևան պետությունների միջև վստահության ամենաբարձր մակարդակի գոյության մասին: Իսկ դա նշանակում է, որ այսուհետ քաղաքական հարցերում երկու պետությունների փոխգործակցությունն ավելի սերտ և բազմաշերտ է լինելու:
Անդրադառնալով հարցի տնտեսական կողմին՝ իրանագետը նշում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կխթանի երկու երկրների տնտեսությունների, հատկապես զբոսաշրջության ճյուղի ծավալմանը. «Վիզաների ռեժիմի չեղարկումը լուրջ խթան է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Դրանով ոչ միայն իրանցիների՝ դեպի Հայաստան այցելությունները կխթանվեն, այլև հայաստանցիները կսկսեն այցելել Իրան՝ ավելի շահավետ պայմաններով:
Իրանը նույնպես զբոսաշրջության համար գրավիչ երկիր է, մինչդեռ մենք, չնայած մեր պատմական ու մշակութային դարավոր կապին և հարևան պետություններ լինելու հանգամանքին, այդ երկիրը մինչ օրս չենք դիտարկել որպես մեզ համար զբոսաշրջային ուղղություն: Կարծում եմ, դրա պատճառներից մեկը խորհրդային երկաթե վարագույրի առկայությունն էր, որը թույլ չի տվել, որ մենք ավելի լավ ճանաչենք միմյանց և հարաբերվենք:
Վարդան Ոսկանյանը չի բացառում, որ համաձայնագրի ստորագրմամբ նաև որոշակի ռիսկեր կարող են առաջանալ մեզ համար, օրինակ, թմրանյութերի շրջանառության հետ կապված: Բայց իրանագետը վստահեցնում է, որ իրավապահ մարմինները ի զորու կլինեն վերահսկել իրավիճակը՝ համապատասխան անվտանգության միջոցառումներ իրականացնելով. «Դրանք կողմնակի խնդիրներ են, որոնք հեշտ լուծելի են: Իսկ այս գործընթացը պետք է գնահատել չափազանց դրական և շահավետ, քանի որ նոր հեռանկարներ են բացվելու նաև մեզ համար: Դրական կողմերը մի քանի անգամ գերակշռում են հնարավոր ռիսկերը»:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը նունպես դրական է գնահատում ընդհանրապես Իրանի հետ սերտ հարաբերություններ ստեղծելուն միտված ամեն մի նախաձեռնություն:
Անդրադառնալով սահմանը հեշտանցանելի դարձնելու հետ կապված հնարավոր ռիսկերին, ինչպիսին, օրինակ, իրանցիների անձնագրերով ադրբեջանցիների մուտք գործելու հնարավորությունն է՝ Լևոն Շիրինյանը նշեց, որ այդ բոլոր ռիսկերը հնարավոր է չեզոքացնել ազգային անվտանգության ճիշտ և ուղղորդված աշխատանքի շնորհիվ: Այսինքն՝ Իրանի հետ վիզային ռեժիմը վերացնելուց հետո Հայաստանում պետք է վերանայվեն նաև ազգային անվտանգությանն ուղղված մեխանիզմները՝ ավելի հզորացնելով դրանք:
Քաղաքագետը, սակայն, մտավախություն ունի ոչ այնքան Իրանից եկող սպառնալիքներից, որքան այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքում այլ երկրների ազդեցության գործակալների ներխուժումից Հայաստան, ովքեր կփորձեն վիժեցնել երկու պետությունների հարաբերությունները խորացնելուն միտված ամեն մի նախաձեռնություն:
Այս առումով նա կարևորում է պետական համապատասխան կառույցների աչալրջությունն ու զգոնությունը, որպեսզի այդ գործակալները հաջողության հասնելու որևէ հնարավորություն չունենան:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։