Ընկերս պատմում է, որ ՖԲ-ում գովեստով արտահայտվեց երկու Հայ զինվորականների մասին, որոնք մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին․․․ Ընդամենը երեք լայք էր հավաքել այդ ստատուսը։ Զարմանալին այն է, որ նույնիսկ այդ մարդկանց կուսակցական ընկերները, որոնք օրվա մեջ տասնյակ ստատուսներ են գրում ի պաշտպանություն և ի փառաբանում իրենց կուսակցական ղեկավարի, նույնպես զլացել էին իրենց հավանությունը լայքի տեսքով արտահայտել ըստ արժանվույն իրենց ղեկավարին և ընկերոջը ճշմարտորեն գովերգած ստատուսի տակ․․․ Մի երկու օր անց ընկերս քննադատորեն արտահայտվեց սույն երկու Հայ զինվորականների մասին․․․ Ստատուսը հավաքել էր երկու հարյուրից ավելի լայքեր, իսկ վերոհիշյալ զինվորականների կուսակցական կամակատարները, որոնք իրականում արջի ծառայություն են մատուցում իրենց ղեկավարին, այս անգամ ինքնահավանորեն և անձնազոհորեն հայհոյել և մեղադրել էին ըստ արժանվույն իրենց ղեկավարին և ընկերոջը ճշմարտորեն քննադատած, նրանց թերություններն ու սխալները վեր հանող ստատուսի հեղինակին․․․ Կատվի վազքը մինչև մարագն է, իսկ ՖԲ-ում հայրենասիրությունը կուսակցական քծնանքի հետ շփոթող ոհմակի հայրենասիրության գագաթնակետը իրենց տգիտությունը ՖԲ-ում անգիտակցորեն ցուցադրելն է․․․ Իսկ երկու հարյուր լայքի առկայությունը խոսում է այն մասին, որ մեր հասարակության մեջ մարդիկ տառապում են չար նախանձով մեկը մյուսի նկատմամբ և իրական կյանքում կրած անհաջողությունների համար փորձում մեղադրել բոլորին, միայն թե ոչ իրենք իրենց․․․ Նման հասարակությունները, խեղդելով ինքնաբուխ արտահայտված բոլոր մեծ ու ազնիվ մղումները, դատապարտված են ինքնակործանման, քանզի չարությունը և նախանձը արգելակում են դեպի առաջ ձգտող ցանկացած նախաձեռնություն․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: