(Երան Կույումջյանի մոտիվներով)

Ճշմարիտ մտավորականը նա չէ, ով մտավորականի դիպլոմ, տարբեր կոչումներ, հասարակական ճանաչում ու գնահատանք ունի, չնայած այդտեղ էլ կան իսկական մտավորականներ, այլ նա, ով իր ԷՈՒԹՅԱՄԲ է այդպիսին: Այսինքն, պատկերավոր ասած, նկարիչը նա չէ, ով կարող է նկարել, այլ նա, ով չի կարող չնկարել, ով թքած ունի, թե իր նկարները կվաճառվեն թե ոչ, ինչ կարժենան, նա անգամ չի էլ ստորագրում իր նկարների տակ, անգամ կտավի փող չունենալու պատճառով, նույն կտավի երկու երեսին էլ նկարում է, վերջապես, ճշմարիտ մտավորականը աշխարհ է եկել՝ այս աշխարհին ԲԱՆ տալու և ոչ թե մի բան իրեն համար փախցնել-տանելու նպատակով: ՆԱ մեր նման մեծ-մեծ չի խոսում մտավորականի դերի, պահվածքի, ինչ անել-չանելու և էլի մի շարք դատարկ բաների մասին, ՆԱ սուս ու փուս իր գործն է անում, իր բեռն է տանում և ոչ մեկին չի մեղադրում, եթե միայն իրեն: ՆԱ մշտապես ապրում է հասարակության առջև իր ունեցած պատասխանության գիտակցմամբ: Ահա այս է ՃՇՄԱՐԻՏ մտավորականը:

Դժբախտաբար մեր այսօրվա մտավորականությունը, դատելով Հայության այսօրվա հոգևոր, ազգային-գաղափարական, բարոյա-հոգեբանական, կենցաղային-պահվածքային վիճակից, ոչ միայն չի կատարում իր գլխավոր, ես կասեի Արարչական առաքելությունը, ինչը` հասարակությունում առկա բարոյալքման պատճառների բացահայտումն ու այդ վիճակի հաղթահարման ուղիներ գտնելը պիտի լինի, այլ իր գործունեությամբ (աննշմարելի բացառություններով), էլ ավելի է նպաստում ժողովրդի, հատկապես երիտասարդության դեգրադացմանն ու վերասերմանը:

Ճշմարիտ մտավորականները, եթե այդպիսիք դեռ գոյություն ունեն, լարելով իրենց ուժերն ու ունեցած հոգևոր ու մտավոր կարողությունները, պետք է փորձեն հասկանալ այսօրվա մարդու «անկման» խորքային պատճառները, պիտի կարողանան գնահատել մեր կողմից որդեգրված ուղու, նրանով պայմանավորված արժեքային համակարգի ճշմարտացիությունը, պետք է ըմբռնեն մեր բոլոր անհաջողությունների, ձախողումների ու թերացումների պատճառները զուտ նյութականի դաշտում փնտրելու անհեռանկարայնությունը և այս ու բազում նման այլ հարցերի պատասխանները բացահայտելուց հետո պիտի փորձեն ստեղծված իրավիճակից Ազգի համար ելքեր գտնել, նոր Ուղի հարթել Հայության համար: Ահա սա է ճշմարիտ հայ մտավորականի Արարչական, Տիեզերական առաքելությունը: 

ՍԱԿԱՅՆ Ո՞ՒՐ ԵՆ ՆՐԱՆՔ` ՃՇՄԱՐԻՏ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել