Արցախի հեռուստատեսությունը ստեղծվել է 1988 թվականին: Անդրանիկ ծրագիրը եթեր է հեռարձակվել հունիսի 1-ին, որն էլ համարվում է Արցախի հեռուստատեսության ծննդյան օրը: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հեռուստատեսությունը ստեղծվել է Խորհրդային Միության ինքնավար հանրապետություններում և մարզերում տեղական հեռուստատեսությունների ստեղծման ծրագրի շրջանակներում, որի իրականացումը ձգձգվում էր Ադրբեջանի կողմից մարզի հայ բնակչության նկատմամբ տարվող քաղաքականության պատճառով: 1988-ին շուրջ վեց տասնամյակի կենսագրություն ունեցող մարզային ռադիոյի կողքին հեռուստատեսություն ունենալու արցախցիների երազանքն իրականություն դարձավ:
Արցախի հեռուստատեսության ծնունդը համընկավ արցախահայության ազգային ազատագրական պայքարի նոր փուլի մեկնարկի հետ: Նորաստեղծ հեռուստատեսությունը դարձավ Ղարաբաղյան շարժման խոսափողն ուգաղափարախոսը: Հեռուստատեսության կայացման գործընթացը, որին էական նպաստ բերեցին Հայաստանի հեռուստատեսությունն ու Երևանից Ստեփանակերտ գործուղղված մասնագետները, ընթանում էր խորհրդային և ադրբեջանական ուժային կառույցների կողմից ստեղծվող խոչընդոտների, մարզում հայտարարված արտակարգ դրության պատճառով մտցված արգելքների և սահմափակումների պայմաններում: Հեռուստահաղորդակի Շուշիում գտնվելու պատճառով, որն այդ ժամանակ հիմնականում ադրբեջանցիներով էր բնակեցված, հեռուստատեսության աշխատանքը լիովին կախված էր ադրբեջանցիների քմահաճույքներից և պարբերաբար ընդհատվում էր: Չնայած դժվարություններին և հալածանքներին, հեռուստատեսությունն այդ փուլում պատվով կատարեց իր առաքելությունը:
Արցախին պարտադրված պատերազմի տարիներին հեռուստատեսության աշխատակիցների զգալի մասը զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը, իսկ մնացածների ուսերին դրվեց ազատագրական պայքարի լուսաբանման և պատերազմական տարեգրության ստեղծման գործը: Պատերազմում հերոսաբար զոհվել են Արցախի հեռուստատեսության ռեժիսոր Ալեքսանդր Գասպարյանը, օպերատոր Սերգեյ Համբարձումյանը և ինժեներ Արամ Զաքարյանը: Օպերատոր Արմեն Սարգսյանը համարվում է անհայտ կորած: Ազատամարտի տարիներին նակարահանված անգնահատելի կադրերն ու հաղորդումները, ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում, օգնել մարդկանց ճշմարիտ պատկերացում կազմել Ղարաբաղյան պատերազմի մասին:
1992թ. փետրվարին Շուշիից իրականացված հրթիռահրետանակոծության հետևանքով հեռուստակենտրոնի շենքը լիովին ավերվեց: Շուշիի ազատագրումից հետո Արցախի հեռուստատեսության աշխատակիցները հայաստանյան գործընկերների օգնությամբ կարճ ժամկետում ձեռնամուխ եղան նոր, ժամանակավոր հեռուստաստուդիայի ստեղծմանը, որտեղից առաջին անգամ հաղորդումները եթեր տրվեցին 1992թ.հունիսի 23-ին:
Պատերազմի տարիներին Արցախի հեռուստատեսության աշխատանքը տեղեկատվության ու նաև ոգևորության աղբյուր էր ինչպես թիկունքում գտնվողների, այնպես էլ առաջին գծում մարտնչող ազատամարտիկների համար:
Հետպատերազմական` ոչ խաղաղություն–ոչ պատերազմ պայմաններում, հեռուստատեսության ուշադրության կենտրոնում էին Արցախի վերականգնման,պաշտպանունակության ամրապնդման խնդիրները:
1998թ. հեռուստատեսությունը տեղափոխվեց նոր, հարմարեցված շենք: Հեռուստատեսային նոր ստուդիան ստեղծվեց արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ:
2003 թվականին ՙՀեռուստատեսության և ռադիոյի մասին՚ օրենքի ընդունմամբ Արցախի հեռուստատեսությունը ստացավ հանրայինի կարգավիճակ:
2008 թվականին Արցախի հեռուստատեսությունը նշեց իր 20-ամյակը` հոբելյանական տարում ունենալով լրատվական, քաղաքական, տնտեսական, երիտասարդական, մանկական, մշակութային, մարզական և այլն թեմաներով երեքժամյա ամենօրյա ծրագրեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1113639298694449&set=a.113137385411317.15669.100001451691063&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել