Օրերս էկոնոմիկային նախարար Արծվիկ Մինասյանի արտահայատած միտքը կապված շաքարավազի փաստացի մենաշնորհը օրինականացնելու հետ ոմանց համար կարող է նորմալ ու նույնիսկ լավը թվալ՝ մտածելով որ գուցե իսկապես նոր աշխատատտեղեր բացվեն ու տեղական արտադրանքը խթանվի: Իհարկե նման կարծիք չեն կարող ունենալ գոնե տնտեսագետները. եթե մոտեցումը տնտեսապես ճիշտ լիներ ամբողջ աշխարհում առանց որևէ գործոն հաշվի առնելու կարգելեին ամեն հնարավոր ապրանքի ներմուծում ինչը հնարավոր է ինչ որ մի ձև տեղում արտադրել:
Փաստացի շաքարավազի շուկան մենաշնորհային է: Մի ընկերություն միայնակ կամ տեղում արտադրում ու վաճառում է այն՝ հիմնականում հումքը ներկրելով, կամ ներկրում է պատրաստի արտադրանքը ու իրացնում: Հիմա ըստ Մինասյանի եթե պետությունը օգնի ու գործարանը աշխատի իր ողջ հզորությամբ՝ պետությունը կշահի: Տեղում հումքը՝ շաքարի ճակնդեղի արտադրությունը ձեռնտու չէ, հակառակ դեպքում վաղուց գոնե Շիրակի մարզում այն մեծ թափ ստացած կլիներ՝ պատճառը համապատասխան պայմանների բացակայությունն է, այստեղ աճող տեսակի շաքարի ցածր պարունակությունը և ֆինանսապես ոչ ձեռնտու լինելը՝ թե մշակողի ու թե մթերողի համար: Այսինքն հումքը պետք է ներկրվի:
Հիմա փորձենք հասկանալ հնարավոր իրավիճակները ու ամեն այդ իրավիճակում մենաշնորհի բացասական լինելը.
- Իրավիճակ 1. երբ Հայաստանում արտադրված շաքարավազը ավելի էժան է ստացվում քան ցանկացած տեղից պատրաստի արտադրանքի ներմուծումը: Այս դեպքում անհասկանալի է դառնում օրինական մենաշնորհի անհրաժեշտությունը: Այս իրավիճակում պարզապես ոչ ոք չի ցանկանա շաքար ներկրել՝ տնտեսապես շահավետ չլինելու պատճառով, Ախուրյանի գործարանը կբավարարի տեղական պահանջարկը ու կարտահանի: Պետությունն էլ եթե ցանկանում է օգնել, կարող է հանգիստ օգնել, առանց օրինական մենաշնորհ տալու այդ ընկերությանը: Վերջապես կառավարությունից աջակցություն ստացող ընկերություններ կան ու այդ ոլորտների համար դրանց մեծ մասը օրինական մենաշնորհ չունի:
- Իրավիճակ 2. երբ ներկրված պատրաստի շաքարավազը ավելի էժան է, քան տեղում արտադրվածը: Այդ դեպքում ստացվում է նախ տեղական շուկայում սպառողները ու արտադրողները ավել գումարներ են վճարելու մեկ գործարանի մի քանի հարյուր աշխատատեղի համար: Այսինքն ստացվում է բոլորս պարզապես գումար ենք հավաքում՝ տարեկան մոտ 5 մլրդ դրամ ու տալիս մի տնտեսվարողի, ինքն էլ մի մասը աշխատավարձ է տալիս, մնացածն էլ պահում է իրեն: Այստեղ մեկ ուրիշ շատ կարևոր հարց է առաջանում. լավ մենք ստիպողաբար կգնենք թանկ շաքարավազը, իսկ մնացած 3-4 անգամ ավելի մեծ ծավալի այդ թանկ շաքարավազը ու՞ր է արտահանվելու ու որտե՞ղ է վաճառվելու: Ինչու ասենք Վրաստանը կամ Իրանը չպետք է ավելի էժան շաքարավազ ներկրի Հնդկաստանից կամ Բրազիլիայից, այլ պետք է գնի ավելի թանկ հայկականը: Հատկապես եթե այդ երկրները տրանսպորտային ու այլ առավելություններ ունեն քան ունի հիմա ներկրող Հայաստանը: Պատասխանը պարզ է: Այս դեպքում օրինական մենաշնորհը պարզապես թույլ կտա մի ընկերության վաճառել թանկ շաքարավազ ու արտահանում էլ չի լինի:
Սակայն այնպես չէ, որ այս ծրագրի հեղինակները որոշել են ընդհանրապես չարտահանել: Նրանք ամենայն հավանականությամբ շաքարավազ կարտահանեն, պարզապես այնպես, ինչպես բանան են արտահանում: Տարիներ շարունակ մի այդպիսի մեխանիզմ է գործել, հիմա կարծես նորն են ուզում: Ինչպիսի՞ մեխանիզմ կարող է աշխատել. Հայաստան է ներկրվում շաքարավազ, որը ներկայացվում է որպես դրա արտադրության համար անհրաժեշտ հումք: Դա արվում է նաև հիմա, ինչի մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, ԱԺ-ում էլ պատգամավորներից են ելույթ ունեցել այդ թեմայով: Կներկրեն հումք թե շաքարավազ այս դեպքում այդքան էական չէ: Կանեն այն, որը այդ պահին իրենց ձեռք կտա: Հումքի դեպքում կարտադրեն ու թանկ գնով կվաճառեն տեղական շուկայում: Դրանից հետո կկազմակերպվի ֆիկտիվ՝ թղթային արտահանում: Այսինք մաքսային հաշվետվություններով ցույց կտրվի թե շաքարավազ է արտահանվում, բայց իրականում սահմանը կանցնեն դատարկ ու կնքված բեռնատարներ՝ չեղած շաքարավազով բեռնված: Ներկրման համար հումքի ԱԱՀ-ն (ավելացված արժեքի հարկ) կսառեցվի ասենք՝ չի վճարվի այդ պահին, ինչը անում են արտահանող ընկերությունների համար, այնուհետև այն կհաշվանցեն <<արտահանելիս>> (արտահանման դեպքում ԱԱՀ-ը վերադարձվում է) ու կստանան միլիոնավոր դոլարների շահույթ՝ դրսի համար չարտադրելով ու չարտահանելով ոչինչ, զուտ հարկերը թաքցնելով: Կստացվի որ մի ընկերություն առանց ԱԱՀ-ի հումք կներկրի, կարտադրի միայն տեղական շուկայի համար, կիրացնի ու դեռ մի քանի անգամ շատ ծավալով էլ ԱԱՀ-ից ու գուցե նաև կառավարության որոշումներ այլ հարկերից կազատվի ու ֆինանսականա օգնություն կստանա: Այս դեպքում նույնիսկ կարելի է շաքարավազի հումքի անվան տակ ասենք ալյուր էր ներկրել՝ արդեն ազատված ԱԱՀ-ից օգտվելու համար: Հատկապես երբ ծավալային՝ քաշի առումով հումքը նույնսիկ 10% շատ է լինում, քան շաքարավազի պատրաստի արտադրանքը: Այստեղ էլ մեկ ուրիշ հարց է առաջանում. թե ինչպե՞ս է արտաքին ճանապարհային խնդիր ունեցող Հայաստանը 180.000 տոննա շաքարավազ արտադրելու համար 200.000 տոննա հումք ներկրելու, որ նույն թանկ ճանապարհովէլ արտահանի ու դեռ մրցունակ գին առաջարկի: Մի խոսքով հերթական անգամ տուժում ենք մենք, տուժում է պետությունը՝ շահում են մի քանիսը:
Այսպիսով շաքարավազի օրինական մոնոպոլիան ոչ մի իրավիճակում արդարացված չէ, դեռ մի բան էլ հակառակը՝ այն լի է միլիոնավոր դոլարների կոռուպցիոն ռիսկերով ու պարզապես մի նոր տնտեսական պատժամիջոց կարող է դառնալ սեփական ժողովրդի, պետության նկատմամբ: Պարզապես օրինական մոնոպոլիան անհրաժեշտ է, որպեսզի ինչ որ տնտեսվարող չորոշի քիթը մտցնել այս ամենի մեջ, իսկ մասնագետների ու լրագրողների փաստարկներին էլ պատասխանեն << դե օրինական մոնոպոլիա է>> նախադասությամբ: