1823870Araratnews.am-ը գրում է.

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն «Корреспондент» կայքին տված հարցազրույցում քննադատության է ենթարկել Եվրամիությանը` հետխորհրդային տարածքում հակամարտությունների լուծման հարցում ցուցաբերած անտարբերության համար:

«Եվրոպան վերջին տասնամյակների ընթացքում հակամարտությունների կարգավորման համար չի անում ավելին, քան համաժողովներ կազմակերպելը, ցավակցություն հայտնելը և նման բաներ: Վստահ եմ, որ Արևմուտքի երկրները և նրանք, ովքեր երաշխավորում էին մեր ամբողջականության պահպանումը, ունեն ազդեցության ոչ պակաս այլ գործիքներ: Եվ այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղից մինչև Ղրիմ և Դոնբաս, մի քանի երկրների հակամարտություն չէ: Դրանք աշխարհաքաղաքական մասշտաբի հակամարտություններ են, ինչը Եվրոպայի համար առանցքային խնդիր է»,- ասել է Յուշչենկոն:

Նա նախկինի նման մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին` շեշտելով, որ Մոսկվային շահեկան է հակամարտությունների չկարգավորված լինելը:

«Ռուսաստանին շահեկան է պահպանել հակամարտությունների շարունակումը, ինչպիսին կան Հարավային Օսիայում, Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում, Մերձդնեստրում կամ Աբխազիայում, քանի որ այդ հակամարտությունները թույլ չեն տալիս անկախ երկրներին շարժվել եվրաինտեգրման ուղով: Ռուսական քաղաքականությունը, ինչին մենք ականատես ենք վերջին երկու տասնամյակի ընթացքում, Եվրոպան և նրա կայունությունը ոչնչացնող քաղաքականություն է: Եվ այդ աշխարհաքաղաքական մարտահրավերը պետք է հաղթահարել աշխարհաքաղաքական մեխանիզմներով»,- նշել է Ուկրաինայի նախկին նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել