Ինձ համար պատերազմը սկսվեց այն պահին, երբ մի օր հայրս բակում մի փոքրիկ թիթեղյա կացարան պատրաստեց մեր հավերի համար ու մեր տան գետնահարկից հավաբունը տեղափոխեց այնտեղ, իսկ մենք.....իջանք հավաբնում ապրելու.... Դա մեր տան նկուղն էր, որտեղ տեղափոխվելու առաջին օրերը մեզ՝ երեխաներիս համար հեքիաթային էին: Դե պատկերացրեք՝ չկա մահճակալ, չկա գույք, ընդամենը 4 քառակուսի մետր տարածք ու մոմի լույս: Մենք մի յուրահատուկ բերկրանքով էինք քնում գետնի վրա փռված ներքնակների վրա ու որքան էինք ծիծաղում, երբ ամեն անգամ մայրս, մոռանալով, որ նկուղի առաստաղի բարձրությունը 1.5 մետր է , անընդհատ փորձում էր ուղղել մեջքն ու գլխով հարվածում էր բետոնե գորշ ու սառը առաստաղին: Մեկ շաբաթ..... Ընդամենը մեկ շաբաթ հերիքեց մեր մանակական արկածախնդրությունը նկուղում ապրելու համար... Հետո սկսվեց ամենածանր շրջանը: Հայրս մեզ թողեց նկուղում ու մեկնեց ճակատ, մենք մնացինք մեր մայրիկի հետ մենակ այդ հավերի անդուր հոտը իր պատերի մեջ առհավետ ներծծած նկուղում... «Խնձորի բաղեր» թաղամասում էր մեր նորակառույց տունը, դա մի թաղամաս է, որը նախագծվել էր պատերազմից առաջ և նախատեսվում էր այն դարձնել քաղաքի ամենաշքեղ արվարձանը, որտեղ իրեն հարգող ամեն մի ստեփանակերտցի պիտի տուն ունենար: Սակայն երբ պատերազմը սկսվեց, բոլոր մեր ապագա հարևանները կիսատ թողեցին շինարարությունը. միայն հայրս էր շարունակում կառուցել՝ հավատալով, որ պատերազմը ժամանակավոր է, իսկ սեփական տունը քաղաքի աղմուկից հեռու վայրում՝ կարևոր... Եվ այսպես, մենք ապրում էինք այդ անմարդաբնակ թաղամասում, որտեղ չկար ոչ հեռախոսակապ, ոչ տրանսպորտ, և ոչ էլ հարևաններ, բայց ապահով էր այնքանով, որ Շուշիի դիտակետում գտնվող այդ թաղամասի վրա թշնամին հաստատ արկ ու ռումբ չէր նետի, քանի որ անհնար էր պատկերացնել, որ այդ կիսակառույցների շարքում աննկատ մնացած մի տան նկուղում մի ամբողջ ընտանիք է ապրում ... Մայրս մասնագիտությամբ բանասեր է ու որպեսզի մեր երկար ու տաղտուկ օրերը նկուղում հենց այնպես չանցնեին՝ ինձ ու քրոջս հետ հայոց լեզու և գրականություն էր պարապում... Դա միակ հնարավորությունն էր կտրվել այդքան սարսափելի ու խավար իրականությունից՝ քանի դեռ չէին արկակոծում...
Նկուղային իմ մանկության մասին կարող եմ անվերջ պատմել, բայց մի դեպք կա, որը հիշելիս՝ այսօր էլ հուզվում եմ: Այդ տարիներին Արցախը շրջափակման մեջ էր ու հատակպես Ստեփանակերտում ամեն ինչի պակաս կար: Հայրս երկար ժամանակ էր՝ տուն չէր գալիս առաջնագծից, իսկ տան եղած ուտելիքի պաշարներն արդեն սպառվել էին: Ես հիշում եմ՝ մայրս ստուգեց բոլոր տուփերը, որտեղ ձավարեղեն էր պահում՝ բոլորը դատարկ էին, ու միայն մի տուփի մեջ, երևի մի բռի չափ լոբու չոր հատիկներ գտնելով՝ ապուր պատրաստեց: Հետո առատորեն լցրեց իմ ու քրոջս ափսեները ու մի շերեփի բաժին էլ մնաց կաթսայի մեջ: Մինչ ես կհարմարվեի այդքան անհարմար սեղանի շուրջ, որը իրականում ոչ թե սեղան էր, այլ բանջարեղենի արկղ, որը մեզ նկուղում որպես սեղան էր ծառայում՝ քույրս հասցրեց ուտել իր ափսեի եղածն ու երկրորդ բաժին պահանջել: Մայրս նրան լցրեց կաթսայում եղած վերջին շերեփը, իսկ ես կատաղությունից քիչ էր մնում քրոջս մազերը քաշեի....ո՞նց չէր հասկացել, որ այդ վերջին շերեփն էլ մեր մայրիկի բաժինն էր: Քույրս միամիտ ու մանկական անմիջական ուրախությամբ իր քաղցն էր հագեցնում, իսկ ես չէի կարողանում կուլ տալ իմ գդալի եղածը... ախր մայրս էլ էր քաղցած, նա էլ ոչինչ չէր կերել առավոտից...... Ես սկսեցի արտասվել, մայրիկիս հարցին՝ ինչու՞ եմ լացում ու չեմ ուտում, պատասխանեցի, որ դուրս չի գալիս ապուրը, չեմ ուզում ուտել.....Մայրս մոտեցավ ինձ ու սկսեց համոզել, ինչին հաջորդեց իմ պատասխանը. «Դե ուրեմն արի մի գդալ դու, մի գդալ ես, մի գդալ դու, մի գդալ ես.... որպեսզի այն արագ վերջանա...»: Այդպես էլ արեցինք...Ես երջանիկ էի, որ իմ հնարամտության շնորհիվ մայրիկս քաղցած չմնաց, մայրս էլ հավանաբար ուրախ էր, որ կարողացավ համոզել ինձ ուտել իմ «չհավանած» ճաշը...:
Առավոտյան, լույսը դեռ չբացված պապիկս գյուղից եկավ մեզ այցի: Նրա բերած ուտելիքն ու տատիկիս չրեղենը այնքան շատ էր, որ անգամ մեկ շաբաթ հետո վերադարձած հայրիկիս էլ բաժին հասավ:
Հուշերը՝ Արմինե Հայրապետյանի



