Սովորաբար Երևանի մանկական զբոսայգիներում հունիսի 1-ը տարվա ամենագունառատ ու ամենաուրախ օրն է: Սակայն անցած տարիների համեմատ այսօրվա հունիսմեկյան տրամադրությունը մի տեսակ փոխված է: Նախկին սպայդերմենների կամ սուպերմենների կերպարների փոխարեն ամենուր կարելի է տեսնել զինվորական համազգեսով փոքրիկների, իսկ խաղալիքների խանութներում առավոտից ամենապահանջվածը ավտոմատն է:

Մեր այսօրվա հերոսներին հանդիպեցինք երևանյան մանկական զբոսայգիներից մեկում: Հրաձգարանի դիմաց հավաքված երեխաների բազմությունը միանգամից գրավեց մեր ուշադրությունն ու փորձեցիքն պարզել՝ ինչ է այտեղ կատարվում: Իսկ ներսում իսկապես դիտարժան տեսարան էր: Մի խումբ 3-րդ, 4-րդ դասարանի տղաներ հրաձգարանում իրենց ուժերն էին փորձում՝ ի դեպ բավականին դիպուկ ու հստակ խոցելով տարբեր հեռավորությունների վրա գտնվող գրեթե բոլոր թիրախները:

Հրաձգարանի աշխատակիցը, որը պատկառելի տարիքով մի պապիկ է՝ ուսուցչի խստությամբ ու պահանջկոտությամբ սաստում էր երեխաներին ավելի զգոն լինել, ավելի արագ գործել… Իր երեխային հետևող ծնողներից մեկը պարզաբանում է. « Արամ պապիկն է, լավ մարդ է, տարածքի բոլոր երեխաներին էս մարդը նպատակա դրել սնայպեր դարձնել, միհատ տեսեք ինչ ջանասիրությամբ ու նվիրումով է երեխաների հետ աշխատում: Մեծ տղայիս էլ է ինքը կրակել սովորեցրել, հիմա էլ փոքրիս եմ բերել»: Երեխաները շարունակում են կրակել, իսկ մենք ավելի մոտիկից ենք փորձում ծանոթանալ Արամ պապիկի հետ.


-Ես Արցախյան պատերազմի մասնակից եմ, հիմա էլ որ սահման տանեին, էլի կգնայի, բայց չեն տանում, ասում են՝ շատ մեծ եմ: 67 տարեկան եմ, բայց որ անկեղծ ասեմ, տարիքիս մասին չեմ էլ հիշում, որովհետև օրս հագեցած է… Իմ ամեն օրվա ուրախությունն էս երեխաներն են:  Լավ բալիկներ ունենք, շատ լավ սերունդ՝ հայրենասեր, պրպտող, ձգտող…Հաճախ եմ հարցնում իմ փոքրիկ հաճախորդներին՝ ի՞նչներին է պետք, որ ուզում են կրակել սովորել: Չեք պատրեկացնի ուրախությանս չափը, երբ ասում են, որ մեր հայրենիքը պաշտպանելու համար են ուզում սովորել: Ամեն հայ երեխա պիտի էս տարիքից կրակել իմանա, մեր ճակատագիրն է մեզ ստիպում ծնված օրից մեր տղաներին որպես զինվոր դաստիարակել: Շատ էի լսում, որ եթե հանկած թշնամին մեր վրա գա , էսօրվա սերունդը չի կարողանա դրանց հախից գալ: ….Տեսա՞ք ինչ արեցին մեր երեխեքը, ոնց հողի համար մինչև վերջին շունչը կռիվ տվեցին:

-Շա՞տ հաճախորդներ եք ունենում օրվա մեջ…

-Անհաշիվ… մեր հրաձգարանում ոչ մի շահում չկա, սա պրոֆեսիոնալ հրաձգարան է, որտեղ ոչ թե շահումի համար են գալիս, այլ իսկապես դիպուկ կրակել սովորելու: Օր օրի ավելի լավ ցուցանիշ՝ սրանի՞ց էլ լավ մրցանակ: Սիրով եմ սովորեցնում երեխաներին, երևի 1500-ից ավելի տղա ու աղջիկ եմ էս հրաձգարանում լավ կրակել սովորեցրել: Որքան եմ հպարտանում, երբ վազելով գալիս են ու պատմում՝ ինչպես են մասնակցել դպրոցականների հրաձգության մրցույթներին ու հաղթել: Վերջերս էլ մի սիրուն, տեսքով երիտասարդ եկավ մոտս: Մի փոքր խոսեցինք ու միանգամից տեղը բերեցի՝ Արմենն էր, մի քանի տարի շարունակ գալիս էր հրաձգարան ու միասին կրակել էինք սովորում: Մեկ էլ՝ թե բա նոր եմ զորացրվել, բանակում էլ դիպուկահար եմ եղել… : Հիմա ես ո՞նց ուրախ չլինեմ…ո՞նց ավելի մեծ ոգևորությամբ չանեմ իմ գործը: Բա էս պստիկները…տեսեք ոնց են հագնվել զինվորավարի… Ամեն անգամ էլ այ սենց հագած-կապած գալիս են… հիմիկվանից իրենց զինվոր են զգում:

-Տղանե՛ր, ինչի՞ համար եք ուզում լավ կրակել սովորել,- հարցնում ենք երեխաներին.

-Որպեսզի լավ զինվոր լինենք, որպեսզի խրամատում կանգնած ժամանակ կարողանանք արագ խոցել թշնամուն,- գրեթե միաձայն պատասխանում են :

-Մի խոսքով՝ որոշել եք անպայման զինվոր դառնալ

-Բա ո՞նց, եթե հայ ենք, ուրեմն պիտի զինվոր լինենք… հիմա արդեն աղջիկներն էլ են կրակել սովորում, որովհետև եթե պատերազմ լինի ու բոլոր տղամարդիկ գնան դիրքեր՝ աղջիկներին ո՞վ պիտի պաշտպանի, - Ասում է 8-ամյա Ալբերտը: 

-Ճիշտ է, թող սովորեն, որ իրենք իրենց պաշտպանեն: Աղջիկն էլ պիտի ուժեղ լինի, որովետև ուժեղից վախենում են, իսկ թույլին՝ նեղացնում,- ավելացնում է 9-ամյա Վահեն:

Երեխաների պատասխանները իրոք հրաշալի են: Հասուն մարդը երևի կդժվարանա այսպես տրամաբանել, իսկ մեր փոքրերը… Հասունացել են մեր երեխաները, ավելի լուրջ ու մտածկոտ են դարձել… Արամ պապիկի հրաձգարանից հեռանում ենք հիանալի զգացողություններով: Ինչ հրաշալի է տեսնել մարդկանց, որոնք իրենց աշխատանքին վերաբերվում են ոչ թե որպես պարտականություն, այլ՝ առաքելություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել