Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ մայիսի 31-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակչուհի, 76-ամյա Ատալյա Վարդանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել Վաղարշապատի բժշկական կենտրոնից, որտեղ էլ տեղափոխվել էր իր տանից, երբ դուստրը՝ 47-ամյա Կարինե Հարությունյանը կացնահարել էր նրան:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 24-ին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքեր, ծանր գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, գանգոսկրի բաց կոտրվածք ձախից ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել վիրավոր մի կին:

Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները ` բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէ հայտարարություն և տեղեկություններ հայտնել: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակչուհի, 76-ամյա Ատալյա Վարդանյանն է:

Մեկնելով գյուղ` ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել էին արյան հետքեր, արյունոտված կացին և տեղում պարզել, որ Ա. Վարդանյանին սպանելու նպատակով կացնով հարվածներ էր հասցրել նրա դուստրը` 47-ամյա Կարինե Հարությունյանը: Վերջինս` տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Ա. Կարապետյանի որոշմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբալկալվել էր: Կացինն ու արյունոտված պարագաները ավագ քննիչի կողմից առգրավվել էր:

Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Կարապետյանի կողմից հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել