Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ.  տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Ուղերձում ասված է.


«Սիրելի՛ երեխաներ,


Թանկագի՛ն ծնողներ,


Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:


Երեխաները մեր հարստությունն են, մեր ուրախությունն ու մեր ապագան: Նրանց աշխարհ գալու պահից ամբողջովին փոխվում է մեր կյանքը, ստանում նոր իմաստ ու խորհուրդ: Եվ այդ պահից էլ մենք պատասխանատու ենք նրանց առողջության, կրթության ու դաստիարակության համար:


Արցախի իշխանություններն անում են հնարավորը, որպեսզի մեր երեխաները ապրեն խաղաղ, ապահով ու  բարեկեցիկ երկրում, լինեն առողջ, երջանիկ, ուրախ ու անհոգ: Այդ նպատակին են ուղղված այն բազմապիսի ծրագրերը, որ իրականացվում են ամեն տարի մեր հանրապետությունում:


Ցավոք, ապրիլյան քառօրյա պատերազմն իր անջնջելի հետքը թողեց նաև Արցախի փոքրիկ բնակիչների հիշողության մեջ: Յուրաքանչյուրիս պարտքն է անել մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի մեր երեխաների շուրթերին լինեն միայն ծիծաղ ու ժպիտ, երգ ու խնդություն, նրանց կյանքը լցված լինի ամենավառ գույներով ու երանգներով:


Թանկագի՛ն փոքրիկներ,


Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ այս հրաշալի տոնի կապակցությամբ և մաղթում կապույտ ու անամպ երկինք,   կանաչ ու հարթ ճանապարհ և մեծագույն հաջողություններ ձեր ամբողջ կյանքի ընթացքում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել