ԵՄ-ն խաբեբաների պատճառով մոտ 1 մլրդ դոլար է կորցրել։ Բյուջետային խարդախությունների ամենամեծ թիվը բաժին է ընկնում Բուլղարիային, Ռումինիային և Հունգարիային։ Բավականին շատ հետաքննություններ են անցկացվել նաև Սլովակիայում և Հունաստանում։ Այս մասին հայտնում է DW գործակալութունը։
Միջոցները, որոնք ապօրինաբար ստացվել են ԵՄ բյուջեից, 2015 թվականին կազմել են 888 մլն եվրո։ Այս մասին ասվում է Խարդախությունների դեմ պայքարի եվրոպական բյուրոյի հաշվետվությունում։
Մեկ տարում բյուրոն նախաձեռնել է մոտ 1400 հետաքննություն։ Բյուրոյի գլխավոր տնօրեն Ջովանի Կեսլերը հայտարարել է, որ այդ թվերը չեն նշանակում ԵՄ-ում կոռուպցիայի կտրուկ աճ։
Նրա կարծիքով՝ այդ ցուցանիշները վկայում են այն մասին, որ գերատեսչությունը լավ է կատարում իր աշխատանքը՝ խրախուսելով մարդկանց հայտնել բյուջետային միջոցների ծախսման կասկածելի դեպքերի մասին։ Խարդախությունից կորուստները կազմում են Բրյուսելի բոլոր ծախսերի մոտ 0.6 տոկոսը։



