Այսօր հունիսի 1-ն է, եւ ամեն պարագայում երեխաների հանդեպ վերաբերմունքի թեման, իր տարակերպ արծարծումներով, անխուսափելի է: Երեխաների իրավունքների պաշտպանության օրը:
Հեռավոր թվացող այն ժամանակներում, երբ մենք էինք երեխաներ, այժմ արդեն գոյություն չունեցող պետության զորեղ քարոզչության հիմնական շեշտադրումը «երջանիկ մանկությունն» էր: Ու քարոզչությունը՝ քարոզչություն, բայց համոզելու համար առանձնապես շատ ջանքեր էլ չէին պահանջվում:
Գոնե 1960-ականներից հետո այդ երկրում դժվար էր պատկերացնել, որ կարող են լինել երեխաներ, որոնք կոշիկ չունենալու պատճառով դպրոց չեն հաճախում, կամ դասագրքեր չեն կարողանում գնել, կամ սոված են քնում: Հարկավ բոլորը յուղ ու մեղրի մեջ չէին լողում, բայց «միջին վիճակագրական երջանկություն» կար:
Ժամանակները վաղուց են փոխվել: Պատկերներն ու ընկալումներն էլ: Հիմա մուրացկանություն անող դեռահասը, այսինքն՝ այդ տեսարանը հազիվ թե զարմանալի թվա: Ինչպեսեւ աղբարկղ փորփրող դեռահասը: Ինչպես նորմալ հագուկապ չունենալու պատճառով դպրոց չհաճախող երեխան: Ինչպես իրողությունը, որ կան թերսնվող երեխաներ:
Ու ցա՛վն էլ հենց այն է, որ այդ ամենը արդեն օբյեկտիվ իրականության բաղկացուցիչ մասն է, արդեն շատերի համար սովորական պատկեր: Որքան էլ որ զանազան սոցցանցերում նման պատկերների վերաբերյալ վրդովված-խռովահույզ մեկնաբանություններ գրվեն՝ անխուսափելի անեծքային բացականչություններով, դրանից շատ բան չի փոխվում:
Առհասարակ եթե իրականում վրդովմունքն ու վրդովվողները շատ լինեին, ապա թշվառության պատկերները, գոնե երեխաների հետ կապված, պիտի որ նվազեին: Բայց ինչպես դա լինում է հաճախ, շատերն ընդամենը վրդովմունքը կամ զայրույթն արտահայտում են եւ... անցնում մեկ այլ թեմայի:
Եվ խնդիրն առօրեականանում է: Ու դա ամենավատն է, որ կարող էր լինել...
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության (սա հենց անչափահասների հարցերով զբաղվող ստորաբաժանումն է) պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը երեկ ասաց, որ այս տարվա առաջին եռամսյակում երեխաների մուրացկանության դեպքերի աճ է գրանցվել:
Պարզվել է նաեւ, որ մուրացկանությամբ զբաղվող բոլոր երեխաները գրանցված են դպրոցներում եւ դրանով զբաղվում են դասերից հետո: Հետաքրքիր է, որ այսօրինակ խնդիրներին առավել քան մոտիկից տեղյակ ոստիկանության ներկայացուցիչը այնքան էլ համամիտ չէ այն տարածված համոզմանը, որ մուրացկանությամբ զբաղվելու միակ պատճառը սոցիալական խնդիրներն են. «Այդպես վիրավորում ենք մեր այն ընտանիքներին, ովքեր գտնվում են սոցիալական ծանր վիճակում, բայց նրանց երեխաները չեն զբաղվում մուրացկանությամբ:
Այստեղ ծնողի պարագան է շատ կարեւոր: Մեր կողմից հայտնաբերած 10 երեխայից 9-ի դեպքում ծնողը տեղյակ է, ինքն է երեխային դրդում: Այս դեպքում մենք դժվար ենք աշխատում, որովհետեւ ծնողը մեր կողքին չէ: Իսկ այն երեխան, որն ինքն է փողոցում հայտնվել, միանշանակ հեշտ է աշխատելը, քանի որ ծնողն է սկսում աշխատել նրա հետ, դեմն առնել, չի թողնում, որ փողոցում հայտնվի»:
Ծանր է:
Հասկանալի է, որ լավ օրից ոչ մեկը նման բանով չի զբաղվում: Պարզապես ասվածի շեշտադրումն այն է, որ վատ վիճակում գտնվող ամեն մեկը չէ, որ իրեն կամ առավել եւս իր երեխային թույլ կտա մուրացկանություն անել: Եվ այն, որ մեծամասնությունը ծնողների գիտությամբ կամ դրդմամբ են նման քայլի դիմել, էլ ավելի է դառնացնում, ինչը ծանր է...
Մեզ նման փոքր երկրում, որտեղ այնքան ինքնագովազդվող բարեգործներ կան, երեւի թե մանկական մուրացկանության հարցը պիտի որ լուծված լիներ: Առնվազն դժվար չէ լուծել: Սակայն հարցն այն չէ միայն, որ նման երեխաները մուրացկանության վայրերի փոխարեն հայտնվեն կրթօջախներում կամ արհեստանոցներում: Տվյալ դեպքում այնքան էլ էական չէ՝ դա կարվի անհատակա՞ն, թե՞ պետական միջոցներով: Էականն այն է, որ նրանց փոխարեն նորերը չհայտնվեն նույն վայրում ու վիճակում...
Մի տարածված արտահայտություն կա՝ ինչ անում ենք, երեխեքի համար ենք անում: Իսկ ի՞նչ ենք անում: Եվ հարցն արդեն միայն դժվար սոցիալական պայմաններում հայտնվածների մասին չէ: Այլ ընդհանրապես:
Ասում են, որ երեխայի համար ամենակարեւոր զբաղմունքը խաղն է: Եվ ճիշտ են ասում: Իսկ մենք հնարավորինս կրճատում ենք նրանց խաղատարածքը: Ճիշտ է, վերջին տասնամյակում ինչ-որ մի պտուտակ կարծես չխկաց-չրխկաց, ու Երեւանի, եւ ոչ միայն մայրաքաղաքի, բակերում բազմաթիվ խաղահրապարակներ ստեղծվեցին: Բայց դա քիչ է: Բակերում էլի գերիշխողը ավտոներն ու ավտոտնակներն են: Երեխաների համար կենսական խաղատարածքների հաշվին:
Է՞լ ինչ ենք անում: Ճի՛շտ է, որքան կարող էինք ու որքան կարող ենք, ոչնչացնում ենք շրջակա կանաչ տարածքները: Երեւի «երեխեքի համար»:
Դե, հինգ տարեկանից գրքերը երեխաների շալակն ենք տալիս եւ դպրոցի դուռը տանում: Եթե հնարավորություն ունենք, պլանշետ կամ մատնաքչփորիկ «հեռախոս» ենք ձեռքները տալիս: Որ առանց այն էլ քիչ շարժվող երեխաները ավելի երկար «խելոք նստեն»:
Կարճ ասած, որքան ու ինչպես հնարավոր է՝ փչացնում ենք երեխաների մանկությունը: Եվ նման ընդհանուր միջավայրում մեծացած երեխաները վաղը, մյուս օրը, ի՞նչ են անելու մեր, իսկ որ շատ ավելի կարեւոր է՝ իրենց երեխաների համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել