Մայիսի 30-ի ուշ երեկոյան ձերբակալվել են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետեր Մհեր Պապյանը և Արմեն Մարգարյանը: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, հայտնում է «Առավոտը»:
Նա հավելել է, որ երկու տարբեր քրեական գործի շրջանակներում են եղել ձերբակալությունները: Խոսքը գնում է մատակարարված անորակ ապրանքներն ընդունելու, որոշ դեպքերում՝ ուռճացված գներով գնումներ կատարելու մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 30-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել, մասնավորապես՝ ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: Սակայն թերթը նշել էր նաև ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին, որին ավելի վաղ էր մեղադրանք առաջադրվել իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ. նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել էր: Նա այժմ ձերբակալված չէ:



