Tert.am-ը գրում է.

Walt Disney ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է միջոցներ ձեռնարկել մտավոր սեփականության հետ կապված իր հեղինակային իրավունքները պաշտպանելու համար։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նանչան քաղաքում չինական Dalian Wanda Group-ի նոր թեմատիկ զբոսայգում նկատել են Disney-ի կերպարներ Սպիտակաձյունիկին և Կապիտան Ամերիկային:

Շաբաթ օրը Նանչան քաղաքում բացվել է ընկերության առաջին զվարճանքների համալիրը՝ Wanda City-ն՝ թեմատիկ զբոսայգով, որը պետք է դառնա Շանհայում հունիսի 16-ին բացվելիք Disneyland զբոսայգու մրցակիցը:

Հաղորդվում է, որ Սպիտակաձյունիկի և Կապիտան Ամերիկայի կոստյումներ հագած մարդիկ լուսանկարվել են այցելուների հետ։ Արդյոք նրանք եղել են Wanda-ի աշխատակիցները, թե ոչ՝ հայտնի չէ: 

Wanda Group-ը դեռ չի մեկնաբանել Walt Disney-ի հայտարարությունը:

Նշվում է, որ Wanda Mall առևտրի կենտրոնում նույնպես ներկայացվել է Disney Project-ի հագուստի հավաքածուն՝ դիսնեյյան հայտնի կերպար Միքի Մկնիկով: Wanda-ի մամուլի ծառայության ներկայացուցիչներն ընդգծել են, որ այդ կերպարներն օգտագործվում են առևտրի կենտրոնի ներսում առանձին խանութների կողմից և չեն ներկայացնում ընկերությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել