Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Փխենյանը կիրագործի միջուկային զենքի չտարածման իր պարտավորությունները, սակայն միջուկային զենքից հրաժարվել չի պատրաստվում՝ փոխանցում է Interfax-ը։

Հայտարարությունում նշվում է նաև, որ երկիրն ակտիվ ջանքեր կներդնի ողջ աշխարհի միջուկային զինաթափման նպատակով։

ԱԳՆ-ն այդ կերպ է մեկնաբանել Ճապոնիայում անցակցված G7-ի վերջին գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից արված վերջին հայտարարությունը։ Նա ասել էր, որ Հյուսիսային Կորեան ոչ միայն միջուկային զենք է մշակում, այլ տարածում է այն, ինչպես նաև հանդիսանում ամենամեծ խոչընդոտն աշխարհի միջուկային զինաթափման ճանապարհի վրա։

«ԱՄՆ-ն, շարունակելով իր թշնամական քաղաքականությունը Հյուսիսային Կորեայի հանդեպ միջուկային մահակով ահաբեկման ուղիով, երազում է միջուկային զենքից մեր հրաժարվելու մասին։ Թող նրանք ավելի լավ է ճտի սպասեն խաշած ձվից»,- հայտարարել են հյուսիսկորեական գերատեսչությունում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի միջուկային հավակնությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում միջնաժամկետ հեռանկարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել