Tert.am-ը գրում է.
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծում ոչ միայն կլինի «ցեղասպանության» եզրույթը, այլև կդրվի փոխհատուցման խնդիր, քանի որ Գերմանիան ունի Թուրքիայի պատժելու խնդիր:
Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Շատ պարզ խնդիր է լուծում հիմա Գերմանիան, նա Թուրքիային պատժելու խնդիր ունի և նաև նախադեպ ստեղծելու խնդիր, որն ըստ իս կանի՝ հատուցումների մասին խոսելով: Եթե սա լինի, ապա շատ մեծ քաղաքական հետևանքներ կունենա, որովհետև, ի վերջո, Գերմանիան Եվրամիության միջուկ երկիր է, տնտեսական լոկոմոտիվը»,-ասաց քաղաքագետը:
Ըստ նրա` հատուցման խնդիր դնելով` Գերմանիան կազատվի նաև ինչ-ինչ հոգեբանական բարդույթներից, որը քաղաքագետը ձևակերպեց հետևյալ կերպ, որ դրանով Գերմանիան «Հոլոքոստի հետ կապված ինչ-ինչ հոգեբանական խնդիր է լուծում»:
«Ես կարծում եմ, որ գործոններից մեկը, որ բանաձևը նման աջակցություն ունի, պայմանավորված է նրանով, որ սա ընդունելով Գերմանիան հրեաներին է «մեսիջ» ուղարկում, որ բացառիկ չեք»,-ավելացրեց Արա Պապյանը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին, ինչի մասին հայտնել էր Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի քաղաքական խորհրդական Հենրիեթ Ռայցը, իսկ գերմանական bild.de պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ նման որոշման են հանգել խորհրդարանական խմբակցությունները «ինտենսիվ քննարկումների» արդյունքում:
Բանաձևը, հիշեցնենք, վերնագրված է` «Հիշատակ հայերի ցեղասպանության և այլ քրիստոնյա փոքրամասնությունների, Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ»:
Քաղաքագետը կարևոր հանգամանք է համարում նաև այն, որ եթե այս պահին բանաձևը պաշտպանած 4 խմբակցությունների մոտ տարաձայնություններ կան ձևակերպումների առումով, ապա բուն «ցեղասպանություն» բառը ոչ ոք չի վիճարկում:
«Մենք պետք է հիշեցնենք՝ մոտ տասը տարի առաջ այդ բառը չկար, բայց նկարագրական մասում ցեղասպանություն հանցագործության նկարագրությունն էր»,-հիշեցրեց քաղաքագետը:
Նշենքն, որ Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը, և Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ.ապրիլի 20-¬ին Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ¬ Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո Գերմանիայի Դաշնության Նախագահ Յոահիմ Գաուկն էլ նախորդ տարի ապրիլի 23¬-ին Բեռլինի Մայր տաճարում կայանացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները որակեց` «ցեղասպանություն»:
Արա Պապյանը նշեց, որ այս հարցում իր լավատեսությունը, ի տարբերություն, թուրքագետների, կար դեռ ամիսներ առաջ: Ասաց, որ թուրքագետները հարցին մոտենում են թուրքագիտական տեսակետից` կարդալով նաև ահռելի քանակությամբ թուրքական մամուլ:
Արա Պապյանը, լավատես է մնում, իհարկե, կարդալով հրապարակումներն, այն մասին, որ բանաձևը բավականին կոշտ դիմադրության է արժանանում, ընդհուպ մինչև մահվան սպառնալիքներ են հնչում գերմանացի պատգամավորների հասցեին: Ինչ վերաբերում է Գերմանիայում բնակվող թուրքերի գործոնին, ապա Արա Պապյանը ասում է, որ որքան էլ թուրքական զանգվածը Գերմանիայում ստվար լինի, նախ, գոնե, այս պահին շատ ավելի պակաս է, քան բուն գերմանական զանգվածը, և երկրորդը` թուրքական այդ զանգվածում զգալի թիվ են կազմում ալիևները, քրդերը մի կողմից, և մյուս կողմից՝ ոչ բոլոր թուրքերն են, որ, ըստ նրա, դեմ բանաձևի ընդունմանը:
Նշենք, որ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը լրատվամիջոցներին մեկին ասել էր, որ Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիան մասնակի պատասխանատու լինելով` այդ առիթը պետք է օգտագործի՝ պատմության սև էջերից ամբողջությամբ ազատվելու համար:
Արա Պապյանը կարծում է, որ, ամեն դեպքում, Գերմանիայի մեղսակցությունն այնքանով է, որքանով այս երկու երկրները Առաջին աշխարհամարտի տարիներին պաշտոնապես եղել են դաշնակիցներ: Ւնչպես նաև այն, որ գերմանական բանակի մոտ 15 հազար սպաներ այդ տարիներին ծառայել են թուրքական բանակում, բայց նրանցից ոչ մեկի` սպանությունների մասնակցության մասին , ըստ Արա Պապյանի, վկայություններ չկան:
«Թուրքիան մեղադրվում է այն հարցում, որ ունենալով կանխելու հնարավորություն, դա չի արել: Թեև, դա էլ մի քիչ կասկածելի է` ունե՞ր նման հնարավորություն, որովհետև, մենք գիտենք, որ Գերմանիայի դիրքորոշումն այն է եղել, որ հայերին կոտորում են, Թուրքիան մեզ համար կարևոր է, հարաբերություններ չպետք է փչացնենք: Այսօր էլ շատ երկրներ նույն բանն են ասում, որ Ադրբեջանը մեղավոր է, բայց մենք չենք կարող հանուն արդարության ինչ-որ շահեր ստորադասել»,- ավելացրեց քաղաքագետը:



