Tert.am-ը գրում է.

Մայիսի 28-ին UWC Dilijan քոլեջում կայացավ առաջին  շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը: Աշխարհի 48 երկրներ ներկայացնող  95 պատանիներն ու աղջիկները, ովքեր 2014թ. ընդունվել էին UWC ցանցի Հայաստանում գտնվող նոր քոլեջ՝ դառնալով նրա առաջին ուսանողները, հրաժեշտ տվեցին Քոլեջին ու Դիլիջանին, որը երկու տարվա ընթացքում նրանց  հարազատ տունն էր դարձել:

«Ուսանողների հետ առաջին հանդիպման ժամանակ ասացի, որ այդ երկու տարին ակնթարթի նման կանցնի: Դրանք զարմանալի երկու տարիներ էին: Եվ ահա մենք արդեն այստեղ ենք, ճանապարհում ենք հույսով լեցուն այս պատանիներին եւ աղջիկներին, ովքեր հասուն կյանք են մուտք գործում»,-«Beginnings» («Սկիզբ») անվանումը կրող արարողության բացմանը նշեց Քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը:

UWC Dilijan քոլեջի համահիմնադիր, Քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը շնորհակալություն հայտնեց առաջին ուսանողներին եւ դասախոսներին՝ Քոլեջը աշխուժացնելու, ավանդույթներ կերտելու եւ աշխարհի  լավագույն բուհեր ընդունվելով՝ կրթական բավական բարձր նշաձող սահմանելու համար:

«Մենք ուրախ ենք, որ իմ եւ Ռուբենի երազանքը,  որն սկզբում անիրականալի էր թվում,  այնուամենայնիվ, կյանքի կոչվեց շնորհիվ  այն բանի, որ մեր գործընկերներն ու համախոհները հավատացին, ռիսկի դիմեցին եւ աջակցեցին նախագծի իրականացմանը: Մեր համատեղ ջանքերով Դիլիջանում բացվեց  եւ հաջողությամբ գործում է հետխորհրդային տարածքում առաջին UWC քոլեջը: Մաղթում եմ առաջին շրջանավարտներին նույն կերպ չվախենալ հավատալուց եւ երազելուց, ուժ ու քաջություն ունենալ սեփական երազանքներն իրագործելու համար, գնալ դեպի նպատակը եւ չվախենալ օգնության դիմել, երբեք չբավարարվել ունեցածով, փոխել սեփական անձն ու շրջապատող աշխարհը, երջանիկ լինել ու երջանկացնել մյուսներին՝ օգնելով նրանց ի կատար ածել իրենց երազանքները»,-հավելեց Վերոնիկա Զոնաբենդը:
Քոլեջի շրջանավարտները, ովքեր հաջողությամբ հանձնել են Միջազգային բակալավրիատ ծրագրի  (IB Diploma) քննությունները, իրենց ուսումը շարունակելու են աշխարհի լավագույն համալսարաններում, ինչպիսիք են Հարվարդի, Եյլի, Կոլումբիայի եւ  Բրաունի համալսարանները, ինչպես նաեւ ոչ պակաս հեղինակավոր՝ Կալիֆոռնիայի (Բերկլի), Դյուկի, Ջոնս Հոփկինսի, Ուեսլիանի համալսարանները, Լոնդոնի համալսարանական քոլեջը, Լոնդոնի տնտեսագիտության քոլեջը, Էդինբուրգի համալսարանը, Minerva Schools-ը  եւ այլն:


Քոլեջի շրջանավարտներին Հայաստանի դրոշներ եւ հայերենի այբուբենի տառերի տեսքով հուշանվերներ հանձնվեցին: Ուսանողներն իրենց հերթին դոնորներին նռնենու շիվեր նվիրեցին, որոնք խորհրդանշում էին Քոլեջում ուսանելու ընթացքում նրանց ունեցած աճն ու զարգացումը եւ տրվեցին որպես երախտագիտություն՝ շռայլ աջակցության ու գերազանց կրթություն ստանալու յուրահատուկ հնարավորության համար:


UWC Dilijan քոլեջի հիմնադիր-գործընկեր, RD Group հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Ադիբեկյանը Քոլեջին հանձնեց այն մրցանակը, որին UWC Dilijan-ը արժանացել էր համաշխարհային զարգացման նախագծերի «FIABCI World Prix d’Excellence Awards 2016» մրցույթի արդյունքում:

Շրջանավարտներին շնորհավորեց եւ մաղթանքներ հղեց քոլեջի հիմնադիր-գործընկեր, Flagship Ventures ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը:


«Ցանկանում եմ ձեզ այն, ինչ ցանկանում եմ իմ չորս երեխաներին: Մի՛ վախեցեք սխալներից եւ հիասթափություններից: Խուսափելով հիասթափություններից՝ դուք  չեք ունենա այն խթանը, որը նպաստում է աշխարհը փոխող  նոր արժեքների ստեղծմանը: UWC Dilijan քոլեջը հիմնվել է մասնավոր նվիրատվությունների շնորհիվ, եւ հուսով ենք, որ յուրաքանչյուր շրջանավարտ իր կյանքի մի փոքր մաս կնվիրի քոլեջին՝ պահպանելով կապը նրա հետ, կիսելով սեփական փորձը հաջորդ սերունդների հետ»,-նշեց Նուբար Աֆեյանը:

Հրաժեշտի խոսքերն ու դոնորների  եւ դասախոսների մաղթանքները ուսանողները լրացրեցին համերգային համարներով: Պաշտոնական մասի ավարտից հետո տեղի ունեցավ շրջանավարտների այգու հանդիսավոր բացումը: Հայ ուսանողները տնկեցին շրջանավարտների երկրների թիվը խորհրդանշող 48 ծառից  վերջինը:


Արարողությանը մասնակցեցին ավելի քան 400 հյուրեր, այդ թվում՝ Քոլեջի շուրջ 40 դոնորներ, ուսանողների ծնողներ եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:


Ավարտական արարողությունը եզրափակվեց UWC Dilijan քոլեջի հիմնադիր-գործընկեր, գործարար, բարերար եւ երաժիշտ Վլադիմիր Ավետիսյանի համերգով, որը տեղի ունեցավ քաղաքային մարզադաշտում՝ ուսանողների, Դիլիջանի բնակիչների ու հյուրերի համար:


Նոր՝ 2016-2017 ուսումնական տարում քոլեջը կունենա նոր տնօրեն: Ջոն Փադըֆութին կփոխարինի  Դենիզ Դևիդսոնը, ով նախկինում զբաղեցրել է Նյու Յորքի Mount St. Mary’s  քոլեջի տնօրենի պաշտոնը, ինչպես նաեւ տասներկու տարի ղեկավարել է Լիդսի Gateways դպրոցը (Մեծ Բրիտանիա):


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել