Life.panorama.am-ը գորւմ է.
Հայաստանը երկար ճանապարհ է անցել 25 տարիների ընթացքում արդարադատության ոլորտում՝ արդարադատության մատչելիությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ճանաչումն ապահովելու համար: Այս գործընթացը դեռ ունի մարտահրավերներ և բացթողումներ: Դրանց որոշ մասն իրենց լուծումները կգտնեն նախքան բարեփոխումների ընթացիկ փուլի ավարտը՝ 2016թ-ի վերջին, մյուսներին կանդրադառնանք բարեփոխումների նոր փուլում,- «25 տարիների ընթացքում Հայաստանում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումներ. հետադարձ հայացք» համաժողովին ունեցած ելույթում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարն ամփոփ ներկայացրեց արդարադատության ոլորտում անցած 25 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները. «Ինչից ինչ ենք ստացել: Խորհրդային տարիներին ունեինք բացարձակ կախյալ և ձայնազուրկ դատական համակարգ, խիստ ֆորմալ ընտրված դատավորներ, որոնք առաջնորդվում էին կուսակցական նոմենկլատուրայի ցուցումներով, մի համակարգ, որի խնդիրը, մեծ հաշվով, անձից պետության պաշտպանությունն էր: Սակայն Խորհրդային Միության փլուզմամբ արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության պատկերացումներն ու ընդհանրապես հասարակության աշխարհայացքը չանհետացավ: Մենք այս արժեհամակարգի փոխելու ուղղությամբ մինչ օրս էլ աշխատում ենք: Դժվարին ու երկար ճանապարհ ենք անցել մինչև այս օրը, բայց պետք է գոհունակությամբ նշեմ, որ շատ բան արված է համակարգում և, միևնույն ժամանակ, շատ ու շատ անելիքներ դեռ ունենք առջևում»:
Ըստ Ա. Հովհաննիսյանի, Հայաստանն այսօր ունի ժամանակակից արդարադատության ոլորտի բոլոր առանցքային կառույցները, իրավական և կարգապահական շրջանակները կայացած են, մարդկային ռեսուրսները առկա են և իրավազոր, անհրաժեշտ ենթակառուցվածքները ներդրվում են կամ պլանավորվում են ավարտին հասցնել հաջորդ փուլում, իսկ ոլորտի ժամանակակից կառավարման համակարգերն էլ մշակվում են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



