Tert.am-ը գրում է.

Եթե Ֆրանսիայի մայրաքաղաքում մարդիկ աշխատում են շաբաթական 30 ժամ և 50 րոպե, ապա Հայաստանում առնվազն 50 ժամ` մասնավոր հատվածում։  Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանը` մանրամասնելով. «Եթե բյուջետային հիմնարկներում աշխատում են օրական 8 ժամ` 5-օրյա աշխատանքային ռեժիմով, ապա մասնավոր հատվածում` աշխատում են ոչ թե 8, այլ 10 ժամ, եթե անհրաժեշտ է` 11-12 ժամ: Եվ հետևաբար, աշխատանքային ժամերի սահմանը բարդ է որոշել, բայց ես կարծում եմ, որ մեր երկրում օրենքով պաշտպանված չլինելով, մասնավոր սեկտորում աշխատում են 50 և ավելի ժամ»:


Նշենք, որ ըստ շվեյցարական խոշորագույն UBS բանկի աշխատակիցների 70 քաղաքներում  անցկացված  հետազոտության` ամենակարճ աշխատանքային շաբաթը Փարիզում է. Ֆրանսիայի մայրաքաղաքում շաբաթական 30 ժամ և  50 րոպե են աշխատում, իսկ ամենաերկար աշխատանքային շաբաթը Հոնգկոնգում է՝ ավելի քան 50 ժամ:


Մյուս կողմից՝ Լյուդմիլա Սարգսյանն ասում է, որ այնքան էլ ճիշտ չէ համեմատել Հայաստանի ու Փարիզի աշխատաժամերի քանակը, որովհետև  կյանքի բոլորովին այլ տեմպ ու որակ է. «Ֆրանսիան զարգացած, կայացած իրավական երկիր է և հավանաբար, իրենք կարող են իրենց թույլ տալ աշխատել 30 ժամ: Նաև այն պատճառով, որ ամեն մի աշխատող այնտեղ պաշտպանված է և կարողանում է իր աշխատանքի ժամերի իրավունքը  պաշտպանել: Մեր դեպքում, մասամբ` բյուջետային հիմնարկներում»:


Որպես ամենաերկար աշխատաժամ ունեցող մասնագիտություն պատգամավորը նշեց վարորդներին` ասելով. «Ես  հաճախ եմ տաքսի նստում, և շատ դեպքերում, հենց տաքսիստներից եմ լսում, որ 12-13 ժամ մինիմալ աշխատում են, և գիշերային ժամերին ուղղակի ի վիճակի չեն լինում քշել: Պատկերացնո՞ւմ եք ինչ վտանգավոր իրավիճակ է»:


Հիշեցնենք, որ  Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող  ուղևորափոխադրող 75 ընկերություններից  5-ում կատարած ուսումնասիրությունների արդյունքներն արձանագրել  էին  աշխատանքային օրենսդրության բազմաթիվ խախտումներ, որոնք վերաբերում են աշխատանքային ժամերին ու հանգստին: Ըստ այդմ՝ վարորդներ աշխատում են 16-17 ժամ:Ըստ Լյուդմիլա Սարգսյանի լրացման` «շաբաթ-կիրակին ոչ մի կերպ պաշտպանված չէ»։


Պատգամավորը կարծում է, որ մարդը չգիտի ում դիմի իր իրավունքները պաշտպանելու համար, իսկ դիմելու դեպքում էլ վստահ է, որ իրեն ասելու են`«ձեռ չի տալիս, ազատվիր, գնա »:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել