Tert.am-ը գրում է.
Նախորդ տարվա հուլիսի 30-ից շորթման մեղադրանքով կալանավորված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը շաբաթ օրը դուրս է եկել կալանքից. փոխվել է նրա խափանման միջոցը: Այս մասին Տիգրանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը կալանավորվել և «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել նախորդ տարվա ամռանը: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա սեքսուալ բնույթի տեսանյութերով շանտաժի էր ենթարկել ՀՀԿ-ական պատգամավորների՝ նրանցից մեծ գումար պահանջել սկայպով ինչ-որ կանանց հրահրմամբ արված տեսաձայնագրության դիմաց։
Պատգամավորները, սակայն, հերքել են այդ տեղեկությունը:
Նշենք, որ ԱԱԾ-ում Տիգրան Առաքելյանի դեմ քրգործը հարուցվել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի դիմումով: Հովհաննես Սահակյանից Tert.am-ը հետաքրքրվեց, թե քանի որ իր դիմումով է ԱԱԾ-ում գործ հարուցվել Տիգրան Առաքելյանի դեմ, ինչպես է գնահատում նրա ազատ արձակումը:
«Այդ բոլոր հարցերով դիմեք իրավապահ մարմիններին: Գոհ լինել-չլինելու խնդիր չկա, երկրորդն էլ՝ բազմաթիվ այլ հանգամանքներ կան»,- ի պատասխան ասաց պատգամավորը:
Թե բազմաթիվ ի՞նչ հանգամանքների մասին է խոսքը, պատգամավորը չասաց: «Դուք ինքներդ վերլուծեք՝ պայմանավորվածությա՞ն արդյունք է, համագործակցությա՞ն, թե՞ ինչի: Ինքներդ դիմեք, ճշտեք»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նրանից նաև հետաքրքրվեցինք, թե հնարավոր է բողոքարկի նախաքննական մարմնի որոշումը: «Որևէ որոշում բողոքարկելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ էլ դրա առիթն ունեմ»,- ասաց Սահակյանը:
Ինչպես հայտնի է՝ ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր շորթման մեղադրանքով: Քրօրենսգրքի 182 հոդվածով նրան սպառնում էր մինչև 4 տարի ազատազրկում:
Իր ֆեյսբուքյան էջում Տիգրան Առաքելյանը նաև ակնարկել է, որ իր կալանքի ընթացքում ԱԱԾ-ն օգտագործել է իր ֆեյսբուքյան էջը և կարդացել նամակները, ինչը, հիշեցնենք, թույլատրվում է անել միայն դատարանի որոշմամբ:



