Բակի տաղավարում նստած նարդի կամ բլոտ էինք խաղում, մեկ էլ տղերքից մեկը հևասպառ մոտենում էր և՝ <<Օնոյին ծեծում են խաչմերուկի մոտ>>․․․ Միանգամից սուրում էինք դեպքի վայր․․․ և կռիվն ավելի էր բորբոքվում, ծավալվում․․․ Այդպես անձնուրացորեն կռվում էինք և պաշտպանում մեր թաղը՝ կլիներ Երրորդ մասը, Կոնդը, Մասիվները, Կոմիտասը թե մի այլ շրջան, կարևոր չէ, քանզի մենք՝ բոլորս, ամեն մեկս իր տեղում, պահում էինք մեր թաղի պատիվը, մեր թաղի, որը մեր փոքրիկ հայրենիքն էր․․․ Այդպես մեծացանք։ Մեծացանք թաղի՝ հայրենիքի զգացողությամբ, որն այնքան խորն էր ու ջերմ և մեր բակային երջանկության անսպառ աղբյուրն էր, որի մասին, սակայն, մենք այն ժամանակ չէինք էլ կռահում․․․ Մեծացանք, և մեր թաղն էլ մեծացավ մեզ հետ և դարձավ հայրենիք․․․ Տղերքն էլ դարձան քաղաքացիներ․․․ Եվ հիմա, երբ ես տեսնում եմ իշխանությունների անտարբերությունը մեր թաղի՝ հայրենիքի, մեր թաղի տղերքի՝ մեր պետության քաղաքացիների նկատմամբ, միանգամից մտքովս անցնում է, որ այս մարդիկ՝ մեր երկրի բոլոր ժամանակների իշխանությունները, մանկության տարիներին չեն ունեցել բակային երջանկություն, չեն ապրել թաղի կյանքով, շնչասպառ չեն շտապել օգնելու իրենց ընկերներին․․․ Ուրեմն նրանք զուրկ են հայրենիքի զգացողությունից, նրանք չունեն թաղի՝ հայրենիքի զգացողություն և հենց այդ պատճառով էլ նրանք անտարբեր են և երկրի, և քաղաքացիների նկատմամբ․․․ Հայրենիքի զգացողությամբ օժտված անհատը չի կարող նվաստացնել իր թաղի տղերքին՝ երկրի քաղաքացիներին, հայրենիքի զգացողությամբ օժտված տղամարդը չի կարող կողոպտել տղերքին՝ ժողովրդին․․․ Հայրենիքի զգացողություն ունեցող տղամարդ ղեկավարը իր մանկության տարիների նվիրվածությամբ ու եռանդով կպաշտպանի և իր թաղի տղերքին՝ իր հայրենիքի քաղաքացիներին, և իր թաղը՝ իր և մեր բոլորի հայրենիքը․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.harutunyan.921/posts/475444712665183?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1464507033198110
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել