Դանիել Բեկ-Փիրումյան՝ Սարդարապատի հերոսը... 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտի անմահ հերոսների մասին ողջ իրողությունը սովետական տարիներին հիմնականում փակ և արգելված թեմա է եղել, և միայն անկախությունից հետո մենք վերջապես կարողացանք լիարժեք կերպով գնահատել նրանց արած մեծագույն գործը, որի շնորհիվ էլ փաստացի Հայաստանը անկախ երկիր դարձավ:

Դանիել Բեկ-Փիրումյանը ծնվել է 1861-ին Արցախի Խաչեն գավառի Նախիջևանիկ գյուղում։ Ավարտել է Շուշիի քաղաքային ուսումնարանը։ Զինվորական ծառայությունը սկսել է 1881-ից՝ Երևանյան գնդում։ 1881-83 թթ. սովորել է Թիֆլիսի հետևակային ուսումնարանում։ 1-ին աշխարհամարտի ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում, աչքի ընկել քաջությամբ, ստացել գնդապետի կոչում, պարգևատրվել շքանշաններով ու անվանական զենքով։

1918-ի մայիսին թուրքական առաջապահ ջոկատները հասել էին արդեն Սարդարապատ կայարան՝ ընդհուպ մոտենալով Էջմիածնին: Հայության համար այդ օրհասական պահին վճռական դեր են խաղացել Դանիել Բեկ-Փիրումյանի ռազմաճակատային մեծ փորձը և ուժեղ կամային հատկանիշները: Բացառիկ է եղել Դանիել Բեկ-Փիրումյանի դերակատարումը Սարդարապատի ճակատամարտի հաղթանակում, որտեղ նա փաստացի հանդիսացել է այդ ուղղության հայկական զորաջոկատների ընդհանուր հրամանատարը: Հենց Դանիել Բեկ-Փիրումյանի անմիջական ջանքերով հնարավոր եղավ կազմակերպել Սարդարապատի ռազմաճակատի գիծը և արժանի հակահարված տալ թուրք զավթիչներին:

58-ամյա Դանիել Բեկ-Փիրումյանին շնորհվում է գեներալ-մայորի կոչում՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության օրոք նա առաջիններից էր, ով պաշտոնապես ստացավ այդ կոչումը: Նշենք, որ Սարդարապատի հերոսամարտին մասնակցել և մարտական իսկական սխրանքներ է գործել նաև Դանիել Բեկ-Փիրումյանի հորեղբորորդի Պողոս Բեկ-Փիրումյանը՝ որպես Ղարաբաղի մահապարտների գնդի հրամանատար:

Անկախության տարիներին Դանիել Բեկ-Փիրումյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի ռազմական գերատեսչությունում: 1919-ի վերջին նա ստանում է գեներալ-լեյտենենտի կոչում և նշանակվում Կարսի պարետ: Ցավոք, ավտովթարի պատճառով նա կոտրում է ոտքը, իսկ 1920-ի հոկտեմբերին թուրքերի կողմից Կարսի գրավման ժամանակ գերի ընկնում: 1921-ի հունվարին նրան տեղափոխում են Ալեքսանդրապոլ, ապա հանձնում ռուսական 11-րդ Կարմիր բանակի ներկայացուցիչներին:

Օկուպացված Հայաստանում մոլեգնում էր բոլշևիկյան տեռորը, և թուրքական գերությունից ազատվելուց անմիջապես հետո Սարդարապատի հերոսամարտի պանծալի հրամանատար Դանիել Բեկ-Փիրումյանը հայ բարձրաստիճան այլ սպաների հետ գնդակահարվում է բոլշևիկների կողմից Ղարաքիալիսա-Դիլիջան ճանապարհին: Հայտնի է, որ գեներալի դին հնարավոր է լինում գաղտնի տեղափոխել Էջմիածին և թաղել Սուրբ Գայանեի վանքին կից գերեզմանատանը: Նույն 1921-ին, չդիմանալով այլևս բոլշևիկյան արհավիրքին, Երևանում ինքնասպան եղավ Սարդարապատի մեկ այլ հերոսը՝ Պողոս Բեկ-Փիրումյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել