Картинки по запросу lie to meFBI-ի նախկին գործակալ Ջեյսոն Հանսոնն իր՝ «Պաշտպանիր քեզ հատուկ ծառայությունների մեթոդներով» գրքում ներկայացնում է, թե ինչ հնարքներ կարելի է կիրառել առօրյա կյանքում ստախոսներին բացահայտելու համար։ Այս միջոցներն իսկապես կարող են օգնել ջրի երես հանել ճշմարտությունը, եթե կարողանաք ճիշտ օգտագործել դրանք։


Նախքան անցնելը ստախոսին բացահայտելու գործին, ինքներդ ձեզ համար որոշարկեք այն սահմանագիծը, որը մարդու համար նորմալ իրավիճակ է համարվում։ Ենթադրենք՝ դուք կասկածում եք, որ ինչ-որ մի կին խազել է ձեր մեքենան։ Հարցնում եք նրան այդ մասին, իսկ նա սկսում է ստախոսին հատուկ պահվածք դրսևորել. օրինակ՝ կեղծավոր ու չափից ավելի զայրույթ։ Ու դուք կենթադրեք, որ հաստատ նա է արել։ Բայց միանգամայն հնարավոր է, որ այդ կինը նյարդային ու զգայուն է, և նման պահվածքը սովորական է նրա դեպքում:


Պետք է հասկանալ, թե ինչ վարք է դրսևորում տվյալ մարդը հանգիստ իրավիճակում, հետո նոր միայն կիրառել այս մեթոդները


1. Ոչ ուղղակի պատասխան

Ստի առաջին նախանշանը ուղիղ պատասխանից խուսափելն է։ Ենթադրենք՝ հարցնում եք. «Դու՞ ես գողացել գրասենյակի համակարգիչը», ու ստանում եք պատասխան. «Ո՞նց կարող էիր ինձ կասկածել, ես նոր եմ դուրս գրվել հիվանդանոցից, նույնիսկ դրամապանակս չեմ կարող բարձրացնել, ուր մնաց թե համակարգիչը»։
Նաև ստախոսը կարող է սկսել պատմել, որ ինքը կուրսի ավագն է եղել, աշխարհի ամենաբարեխիղճ մարդն է կամ որ թաղայինն իր մոտ ընկերն է։
Ազնիվ մարդը չի թվարկի բոլոր պատճառները՝ ըստ որոնց՝ իրեն պետք է հավատալ, այլ ուղղակի կպատասխանի հարցին։

2. Կրոն

Կլինեն մարդիկ, ովքեր կբռնվեն ստի վրա ու կփորձեն արդարանալ կրոնի միջոցով։ Օրինակ, եթե պոտենցիալ գողը սկսում է վրդովվել ու ասել, թե ոնց կարող էիք կասկածել, որ ինքը կարող է գողություն անել, չէ՞ որ ինքը մորմոն է, իսկ մորմոնները չեն կեղտոտում ձեռքերը գողություն անելով, հավանաբար նա երկակի ստանդարտներով ապրող մորմոն է։

3. Ոտքերը

Շատերը համոզված են, որ ստախոսին կարելի է ճանաչել՝ նայելով նրա դեմքին։ Բայց ավելի շատ ինֆորմացիա տալիս են մարդու ոտքերը, քան դեմքը։ Հավանաբար ձեզ հետ էլ պատահած կլինի, երբ մարդու կողքին նստած նրան պրովոկացիոն հարց եք տվել, իսկ նա պատասխանելու փոխարեն սկսել է ջղաձգվել ու շարժել ոտքերը։ Բայց նաև չմոռանաք, որ կարող են լինել մարդիկ, որոնց համար նման պահվածքը կարող է նորմա համարվել։
Ընդհանրապես, ոտքերը մեզ հաճախ են մատնում։ Նրանից, թե որ կողմ են ուղղված կոշիկները կարելի է հասկանալ, թե ուր է ուզում գնալ այդ մարդը։ Եթե խոսում եք մարդու հետ, իսկ նրա ոտքերն ուղղված են դեպի դուռը, ապա շատ հավանական է, որ նա ուզում է հեռանալ։
Մաքսակետերի աշխատողներին նույնպես սովորեցնում են ուշադիր լինել մարդկանց ոտքերին։ Եթե ոտքերը ուղղված են դեպի աշխատողը, ուրեմն՝ ավելի հավանական է, որ այդ մարդը թաքցնելու բան չունի, իսկ դեպի դուռն ուղղված լինելու դեպքում պետք է ավելի ուշադիր ստուգել։

4. Անշարժացում

Ջեյսոնը գրքում մի ծիծաղելի դեպք է ներկայացնում, որը իրականությունից այդքան էլ հեռու չէ։ Մի անգամ, երբ նա ինքնաթիռով թռչելիս է եղել, ուղևորներից մեկը գազ է բաց թողել։ Բոլորը սկսել են որոնել, թե ով է այդ անկարգը ու միայն մեկն է քարացած նստել տեղում։ Ջեյսոնը միանգամից գլխի է ընկել, որ դա հենց նա է։
Ստախոսները հաճախ են իրենց վախեցած կրիայի նման պահում. գլուխները քաշում են պատյանի մեջ ու չեն շարժվում։

5. Չափից ավելի ազնիվ հայացք

Շատերը կարծում են, որ եթե մարդը նայում է ներքև, ուրեմն՝ խաբում է։ Դա այդպես չէ։ Մարդուն ներքև նայելու բազմաթիվ պատճառներ կարող է ունենալ. օրինակ՝ ամաչելը։
Պատկերացրեք, որ ձեզ կանչում է ձեր վերադասը ու հարցնում, թե ուր են կորել հաշվետվությունները։ Իսկ դուք իսկապես չգիտեք, թե ուր են ու ձեր հայացքը հառում եք ներքև։ Իրավիճակն այնպիսին է, որ դա նորմալ ռեակցիա է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ձեզ «հարցաքննողը» ձեր վերադասն է։
Եվ բոլորովին հակառակը կարող է լինել. ստախոսին կարող է մատնել չափից ավելի ազնիվ ու անկեղծ հայացքը։ Եթե դիմացինը համառորեն, չափազանց ազնիվ հայացքով նայում է ուղիղ ձեր աչքերի մեջ, դա կարող է նշանակել, որ նա ստում է։

6. Հիպերռեակցիա

Շատ ստախոսներ իրենց հասցեին հնչող մեղադրանքներին չափից ավելի էմոցիանալ են արձագանքում։ Հիպերռեակցիայի նպատակն այն է, որ ստիպի ձեզ մեղավոր զգալ ձեր կասկածների համար։
Օրինակ՝ մի կին սկսում է կասկածել, որ ամուսինն իրեն դավաճանում է։ Նա ուղիղ խոսքով հարցնում է այդ մասին ամուսնուց։ Իսկ վերջինս զայրանում է ու միանգամից պայթում։ Նա այնքան զայրացած է լինում, որ րոպեներ շարունակ անընդհատ խոսում է ու բղավում, թե ոնց կարող էր կինն այդպիսի բան մտածել։ Օրեր անց պարզվում է, որ կինը ճիշտ էր։

7. Ոճիր և պատիժ

Այսպիսի դեպք է եղել. ռեստորանի դրամարկղից գողացել են 1000 դոլար գումար։ Պարզելու համար, թե ով է գողացել, աշխատակիցներին հարցաթերթիկ են բաժանել։ Դրանում հարց է եղել. «Ի՞նչ պատժի է արժանի գումարը գողացողը»։ Բոլոր աշխատողները պատասխանել էին. «Հեռացնել աշխատանքից»։ Ու միայն մեկն է պատասխանել. «Մարդիկ երբեմն սխալվում են։ Այդ մարդուն պետք է խստորեն նախազգուշացնել, որ նման բան այլևս չկրկնվի։ Որպես կանոն՝ մեղավորները համարում են, որ պատիժը պետք է մեղմ լինի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել