Panorama.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրը Մաքս Սիվասլյանը վերցրեց տեսախցիկն ու մեկնեց Արցախ՝ առաջնագիծ: Թեև լուսանկարչին չի հաջողվել առաջնագծում երկար մնալ, բայց այնտեղ արված լուսանկարներում ամփոփված են պատերազմի շատ դրվագներ: Ապրիլի 5-ին՝  հակամարտ կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո նույնպես շարունակել է լուսանկարել, որպեսզի ներկայացնի պատերազմի և դրանից հետո «խաղաղության» դեմքը. այդ լուսանկարներն այսօր արդեն իսկ պատմություն են դարձել։

Մաքս Սիվասլյանը ծնվել է Ֆրանսիայում: Հայաստան է եկել 1992 թվականին՝  լուսանկարելու Արցախյան պատերազմը, երկու տարի մնացել է Արցախում, իսկ հետո արդեն մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Նա «Nouvelles dArménie» ամսագրի և armenenews.com  կայքի ֆոտոթղթակիցն է:

1992-ին, երբ Ղարաբաղում վիճակը վատ էր, լուսանկարիչը որոշել է գալ և նկարել պատերազմական գործողությունները՝  ապագայում պատմություն և հիշողություն ունենալու համար: Այն ժամանակ, ինչպես նա է խոստովանում, լրագրողները, լուսանկարիչները քիչ էին, իսկ ապրիլյան պատերազմի օրերին շատ էին և հատկապես կարևոր է, որ Արցախում աշխատում էին արտերկրի լրագրողներ, որոնք, ըստ նրա, միջազգային հանրությանը կներկայացնեն  ճիշտ տեղեկատվություն:

Սվասլյանի՝ երկու պատերազմներում արված լուսանկարներում արտացոլված է պատերազմի դաժան դեմքը:

Panorama.am թղթակցի հետ զրույցում  Մաքս Սիվասլյանը  խոսում է ապրիլյան պատերազմից. «18-20 տարեկան տղաները շատ ուժեղ են, պատրաստ են ամեն ինչի: Զարմանալի է, թե երիտասարդներն ինչպես են նման կռիվ տվել՝  թշնամուն չթողնելով մուտք գործել մեր սահմանները: Սա հերոսություն է: Հիմա շատ ավելի կամավորներ կան սահմանում, որոնք փորձառու են և նրանց ներկայությունից երիտասարդներն ավելի են գոտեպնդվում, բայց ուրիշ է զինվորների ուժը, խիզախությունն ու ոգին: Ես վստահ եմ, որ ադրբեջանցիների համար ապրիլյան քառօրյա պատերազմը լավ դաս է եղել»:

Մի նկարի պատմություն

Այս նկարն արվել է 1993թ-ին, իսկ վիրահատություն անող բժիշկը Արցախի բուժծառայության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր Վալերի Մարությանն է: Մաքս Սիվասլյանը պատմում է. «1993 թվականին էր, երկու լրագրող Արցախ էին եկել սկանդինավյան երկրներից, ցանկանում էին նկարել, թե պատերազմի ժամանակ ինչպես է վիրահատություն կատարվում: Եկանք այն պահին, երբ բժիշկ Մարությանը վիրահատում էր ծանր վիրավորի: Մարությանը թույլ տվեց ընդամենը մի պահ նկարել և դուրս գալ:

Ձմեռ էր, վիրահատական սեղանի մոտ փայտե վառարան էր: Առաջինը ներս մտավ լրագրողներից մեկն ու առանց վիրահատական սեղանին նայելու սկսեց  տեսախցիկը հարմարեցնել՝ վիրահատությունը նկարահանելու համար: Նրա հետևից ներս մտա ես. առաջին անգամ էի վիրահատություն տեսնում: Վայրկյաններ անց նկատեցի, որ երիտասարդ լրագրողն արդեն նայելով վիրահատական սեղանին՝ կորցրեց ինքնատիրապետումը…հետո սկսեցին նրան ուշքի բերել: Դուրս եկանք վիրահատարանից, բայց ես հաջողացրի այդ պահը նկարել ու 93-ի այդ նկարն արդեն պատմություն է դարձել»:

Դրվագներ Արցախյան ազատամարտից…
Լուսանկարիչն անընդհատ հիշողություններ էր պատմում անցած և վերջին պատերազմից, համեմատություններ անում: «1992 թվականին չէի կարծում, որ մենք քիչ զենք ունենալով կկարողանանք Շուշին ազատագրել,  բայց կարողացանք: Իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ վստահ էի, որ մենք հաջողության ենք հասնելու»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել