1939թ. Մոլոտով-Ռիբենտրոպ պակտին հետևած Մերձբալթյան տարածաշրջանի խորհրդային օկուպացիայից հետո, 1941թ. հունվարին Կրեմլի կողմից Մերձբալթյան տարածաշրջանում տեղի ժողովուրդների աքսորի կազմակերպման վերաբերյալ որոշումներ ընդունվեց: Մասնավորապես՝ 1941թ. հունիսի 14-ին Էստոնիայից շուրջ 10 հազար մարդ ընտանիքներով գնացքներով աքսորվեց դեպի Սիբիր: Գործողությունը կազմակերպել էր Էստոնիայի Ժող. կոմիսարիատը՝ կառույցի ղեկավար Բորիս Կումի գլխավորությամբ: Ամառվա ընթացքում աքսորվածների թիվը հասավ 25 հազարի: Հետագայում նրանց միացան 50 հազար էստոնացի տղամարդիկ: Աքսորվածների զգալի մասը մահացավ ճանապարհին, իսկ տեղ հասածները տեղափոխվեցին սիբիրյան Գուլագներ: Հետպատերազմյան շրջանում՝ 1949թ. մարտ ամսին տեղի ունեցավ 2-րդ աքսորը: Այդ ժամանակ շուրջ 20 հազար էստոնացիներ կրկին անգամ աքսորվեցին դեպի սիբիր: Աքսորների և բռնաճնշումների հետևանքով ոչնչացվում էր էստոնական հասարակական-քաղաքական, հանրային և ռազմական էլիտան: Աքսորի և կրեմլի կողմից տարածաշրջանում իրականացվող ռուսաֆիկացման քաղաքականության հետևանքով էստոնացիները սեփական երկրում դեմոգրաֆիական լրջագույն խնդիրների առջև կանգնեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել