Tert.am-ը գրում է.
Ամիսներ շարունակ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Միջազգային դուքենդոյի և ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանի դեմ դատական նիստը:
Tert.am-ի հետ զրույցում Գոռ Վարդանյանի շահերի պաշտպան Նաիրա Պետրոսյանն ասաց, որ մեղադրող Արամյանը հրաժարվել Գոռ Վարդանյանի դեմ մեղադրանքից և դատարանը կայացրել է արդարացման դատական ակտ:
Դերասան Գոռ Վարդանյանի դեմ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Գործը հարուցվել էր ԱԱԾ-ի կողմից: Խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Մամուլն ավելի վաղ գրել էր, որ քրեական հեղինակություն «Թևոսիկի» եղբոր սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը Գոռ Վարդանյանի ֆեդերացիայի անդամ է:
Ըստ մեղադրանքի՝ Գոռ Վարդանյանը քննությամբ չպարզված անձից այդ ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և նույն ՀԿ-ի կողմից օգտագործվող տարածքում, մինչև խուզարկությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելը, պահել է ռազմամթերք:
Մեր հարցին, թե այդ զենքերն ասոցացվում էին քրեական հեղինակություն Թևոսիկի սպանության մեղադրյալների հետ, փաստաբանը հրաժարվեց մեկնաբանել. «Նախ նման բաներ չկան և եթե արդարացվում է, նշանակում է որևէ ապացույցներ չկան մեղադրանքն ապացուցող»:
Մեր հաջորդ հարցին, թե ֆեդերացիայում հայտնաբերված մարտական զենքերի ծագումը պարզվե՞լ է, Վարդանյանի շահերի պաշտպանն ասաց. «Ես էդ հարցին հրաժարվում եմ պատասխանել: Եթե մարդն արդարացվում է, մենք դրան էլ չենք անդրադառնում»:
Ասել է թե՝ որևէ միջնորդություն չի՞ եղել և իր հեղինակությունը դեր չի՞ խաղացել արդարացման մեջ, մեր հարցին ի պատասխան Նաիրա Պետրոսյանն ասաց. «Ոչ, որևէ միջնորդություն չի եղել: Գոռ Վարդանյանին զենքերը տրամադրել է ՊՆ-ն»: