Ծխախոտի ծուխը հաճույքով ներս եմ քաշում ու հոգիս պարուրում ծխի հոգեմաշ դառնությամբ: Այս ծուխը կարծես պատնեշ է ստեղծում սրտիս դառնության համար՝ չթողնելով, որ այն դուրս գա… Դառը մշուշը դանդաղ ներծծվում է և կարողանում հոգուս դառնության հետ միություն դառնալ: Սակայն թանձր մշուշելով ողջ ներսս դավաճանի պես անձայն դուրս է սողոսկում և արդեն պարուրում ինձ ամբողջությամբ: Սիրում եմ այս դառը և սիրելի ծուխը: Բոլոր տրամադրություններում այն անփոփոխ նույնն է, չի փոխում իր համը, իր հոտը, իր գույնը: Միայն իր գորշ ուղղությունն է փոխում՝ կախված տրամադրությանս տատանումներից: Երբեմն բաց լուսամուտից փչող թեթև քամուց հետաքրքիր ուրվագծեր է ստանում՝ տարօրինակ ուրվագծերով կարծես անդրադարձելով մտքերս ու մտորումներս: Ցանկացած ծխող, նյարդային լարված պահերին առաջինը ձեռքը դեպի ամենահավատարիմ և ամենաթունավոր ընկերոջն է մեկնում: Վառում է գլանակը և մի կտոր չոր հաց տեսած սովահարի ագահությամբ ներս քաշում մահվան հետ հարևանություն անող ծուխը: Մենակության ժամանակ այն ավելի է խորացնում մենության զգացումն ու ավելի դառնում ընկերակից ու ուղեկից: Դառնացնում է հոգիս, շունչս, հայացքս… Ծխահար, տենդագին փայլող աչքերով նայում եմ շուրջս, դողդողացող մատներով կրակայրիչը մոտեցնում գլանակին և ներս քաշում մահաբեր մշուշն ու լուռ վայելում այն…