Կյանքից հեռացել է Շչորս ԴավթյանըBarometer.am-ը գրում է.

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ մայիսի 26-ին, 78 տարեկանում կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր, լրագրող, պատմաբան, պետական-հասարակական գործիչ, "Համո Սահյան գիտամշակութային կենտրոն" հասարակական կազմակերպության նախագահ Շչորս Բագրատի Դավթյանը: Շչորս Դավթյանը ծնվել է 1938 թվականի մարտի 12-ին, Էջմիածին քաղաքում, զինվորականի ընտանիքում: Ծնողները սերում են Գորիսի Ազատաշեն (Արեգունի) գյուղից: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Եղել է Սիսիանի "Որոտան" թերթի խմբագիր, Սիսիանի կուսշրջկոմի 1-ին քարտուղար (1979-1988 թթ.), ապա՝ աշխատել "Խորհրդային Հայաստան" թերթի գլխավոր խմբագիր (1988-1991 թթ.): 1980-1995 թվականներին Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր էր: Այնուհետև, կատարել է լրագրողական, պետական ու հասարակական աշխատանք:

Պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով ու մեդալներով, վերջին քսան տարում` "Մարշալ Բաղրամյան" և "Ֆրիտյոֆ Նանսեն" մեդալներով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից` շնորհակալագրով, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու "Սուրբ Ներսես Շնորհալի" շքանշանով:

Հեղինակ է մոտ քսան գրականագիտական, պատմագիտական, եկեղեցական և այլ գրքերի, այդ թվում` "Շուշի-ողբերգական ճակատագրի քաղաքը", "Սիսիանի բնակավայրերի պատմությունը", "Սյունյաց ազնվաշնորհ տիկնայք", "Ականավոր սյունեցիներ", "Համո Սահյան բանաստեղծի հավատամքը", "Լոր, հնամենի գյուղ, հարյուրամյա դպրոց", "Համո Սահյան. կյանքը և գործը", "Համո Սահյան. բանաստեղծը, մտածողը, մարդը", "Աշոտ Սաթյան-100»: Կազմել և հրատարակել է Համո Սահյանի "Ինձ բացակա չդնեք", "Համո Սահյան. 60 և մեկ հայրեն", "Համո Սահյանի, Եղիշե Չարենցի և Սայաթ-Նովայի քառյակներ" ժողովածուները և այլն: Պետական աջակցությամբ հրատարակել է Համո Սահյանի ստեղծագործությունների քառահատորի առաջին գիրքը, մոսկվաբնակ սիսիանցիներ Արամ և Արմեն Ստեփանյանների հովանավորությամբ` "Համո Սահյան. Հանրագիտարանը", Համո Սահյանի "Ընտրանին":

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել