Գիշեր... հանգիստ, մեղմ ու անձայն: Երբ չկա ոչինչ անելու, ուզում եմ գրել, գրել ու միտքս արտահայտել, ոչ թե քեզ համար, այլ իմ հանգստության համար: Գիշերվա մեջ է ամփոփվում քո անցած օրը, գիշերն է, որ քեզ խորհել է տալիս քո անցյալի, ներկայի և ապագայի մասին ու հղացնում նոր մտքեր, կարծիքներ ու գաղափարներ: Միայն այդ ժամանակ ես հասկանում քո օրվա սխալներն ու բացթողումները՝ հուսալով, որ նորից չես կրկնի, նորից չես փոշմանի քո կատարած հերթական սխալների համար: Գիտակցելով քո սխալը՝ դու նորից ու նորից կրկնում ես այն՝ կրկնակի անգամ քեզ մեղքի մեջ գցելով: Սակայն կա այդ ամենի ելքը, կա լույս: Երբ արդեն բացվում է լույսը, դու մոռանում, միևնույն ժամանակ մոռացության ես մատնում քո մտքերը: Եվ ամեն ինչ սկսվում է նորից՝ ջնջելով այն, ինչ մտածել էիր, ինչ երազել ու որոշել էիր: Փորձիր գեթ մեկ վայրկյան չմտածել, չփնտրել ելքեր... Չեմ կարծում, որ քո մոտ կստացվի: Այդ քո մեղքի զգացումն է, որ քեզ տանջում է, փնովում ու նվաստացնում: Դա քո ներսի ես-ն է: Քո ես-ի պատճառով են այդ բոլոր քեզ տանջող մտքերն ու տառապանքները: Սև գիշերում քո գլխում միայն սև մտքեր են, չար ու պիղծ մտքեր: Ուրիշ ոչինչ չի կարող խանգարել քո ներքին հանգստությունն այդ գիշերվա կեսին: Փորձիր մոռանալ քո սխալներն ու բացթողումները՝ գիտակցելով, որ քեզ կտրվի նոր հնարավորություն, նոր լույս, նոր մտքեր և ամենակարևորը` ժամանակ: Անտեսելով ինքդ քեզ` կարևորիր այդ ամենը և ամեն ինչ քո մոտ կընթանա իր հունով.... և ամեն ինչ կսկսվի նորից: Նորից ու նորից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել