Առաջիկա մայիսի 26-ի նիստում գործադիրը մտադիր է հաստատել Հարավային ջրավազանային տարածքի 2016-2021թթ. կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները: Նշված տարածքը գտնվում է Սյունիքի մարզում` ընդգրկելով մարզի ամբողջ տարածքը: Մակերեսն է շուրջ 4 հազար 498 քառ կմ, ընդգրկում է Որոտանի, Ողջիի և Մեղրիգետի ավազանները: ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով հաշվարկվել է Հարավային ջրավազանային կառավարման տարածքի (ՀՋԿՏ) օգտագործելի ջրի պաշարը, 2016-2021թթ. համար կատարվել ՀՋԿՏ ջրառաջարկի և ջրապահանջարկի վերլուծություն` տնտեսության զարգացման ելակետային սցենարով:
Որոշման նախագծով առաջարկվել են ՀՋԿՏ ջրի պաշարի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ` 2016-2018թթ. իրավական բնույթ կրող միջոցառումները: Կառավարության որոշման ընդունմամբ կհստակեցվեն ՀՋԿՏ ջրօգտագործողների, ներառյալ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները:
Որոշումն հնարավորություն կտա նշված տարածքում հավասարակշռել ջրի պաշարի առաջարկը և պահանջարկը, բացահայտել ջրավազանում արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերը, դրանց կանխարգելման և նվազեցման միջոցառումները:
Մյուս որոշմամբ գործադիրը նախատեսում է հավանություն տալ Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2016-2021թթ. միջոցառումների ծրագրին: Նախագծի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը` ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կատարմանը և դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը: Նախագծով ՀՋԿ տարածքում բնապահպանական նպատակների իրագործման համար առաջարկվել են ինստիտուցիոնալ դաշտի հզորացման և տեխնիկական միջոցառումներ, ինչպես նաև մակերևութային և ստորերկրյա ջրերի մոնիտորինգի նոր ծրագրեր, որոնք օժտված են նախնական ֆինանսական գնահատականներով ու ֆինանսական աղբյուրներով:
Որոշման նախագիծը մշակվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Մաքուր ջուր և էներգիա» ծրագրի աջակցությամբ` ՀՀ բնապահպանության նախարարության շահագրգիռ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության արդյունքում: Մշակման գործընթացին մասնակցել են շահագրգիռ այլ գերատեսչություններ, իրականացվել է տվյալների փոխանակում, համայնքներում կազմակերպվել են քննարկումներ: