vache-yepremyan
   Այսօր առավոտյան մահացել է գրող, գրականագետ, բանասիրության դոկտոր Վաչե Եփրեմյանը: Cultural.am կայքը ցավակցում է Եփրեմյանի ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին:

Ներկայացնում ենք նրա բանաստեղծություններից «Գրանիշ» կայքից:

ՓԱԿ ԴՌԱՆ ԵՏԵՒՈւՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲԱՆ ՉԼԻՆԻ,

ԻՍԿ ԿԻՍԱԲԱՑ ԴՌԱՆ ԱՐԱՆՔԻՑ
ԳՈՆԵ ԼՈւՅՍ Է ՆՇՄԱՐՎՈւՄ

Ի՞նչ է ուզում բառը, որ հետեւում է քեզ՝ իբրեւ ճակատագիր,
ու՞ր է տանում ճանապարհը՝ այսքան խարխուլ,
դու այնպես էլ չես գտնելու սկիզբը առավոտի, վերջը կեսօրվա
– մարմինդ հանձնիր իրիկնային քամուն՝
նա կհիշեցնի անփույթ խոստումներդ,
որոնք հեռու էին արցունքներից եւ ցավից:

Բացիր դռները գիշերվա.
դու կտեսնես մի ծառ՝ միայնակ ու թախծոտ,
հիշիր նրան՝ իր ճյուղերի տակ կլուսավորի քո հայացքը,
եւ իրերը ձեռք կբերեն նոր անուններ:
Բացիր դռները գիշերվա
եւ կտեսնես մի աշուն,
որ թավալվում է ներկա լինելու ձգտման մեջ.
Այստեղ ցավից գեղեցկությունը չի ծաղկում…

Սա՞ է վայրը երազանքների…
բայց ու՞ր են աչքերը՝ քեզ հսկող,
ու՞ր են ձեռքերը՝ քեզ ուղեկցող,
թփերի մեջ զբոսնում է ձայնը,
որ քոնն էր եւ այժմ հեռու է քեզնից:

Օ˜, կործանված սերեր, բոլորն էլ անուն են ունեցել,
Օ˜, կործանված առավոտներ, օ˜, կործանված կեսօրներ,
Ինչու՞ ցավից գեղեցկությունն այլեւս չի ծաղկում…

Ուրեմն՝ թաքցրու քեզ խոտերի մեջ, քարերի տակ, ձայնի ետեւում,
հմայում է այն բառը, որը չի երեւում,
հաճելի է այն վիճակը, որը դեռ չի բացահայտվել…

Միայն վերջին բառը պահիր քեզ,
վերջին բառը՝ դաժան ու վրեժխնդիր:

ԵՐԿՆՔԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՉՔԵՐ

Մի փետուր ընկավ
ափերիս մեջ.–
Կվերադառնաս գարնան սկզբներին`
Կամ Վարդի տեսքով,
Կամ Թռչնի նման…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել