Մոտ մեկ երկու տարի առաջ, երբ ՌԴ-ի կողմից մտցվեց էմբարգո իրենց նկատմամբ պատժամիջոցներ կիրառող երկրներից ներկրվող սննդի, մասնավորապես կաթնամթերքի վրա, ԵՄ մի շարք երկրներում սույն արտադրությամբ զբաղվող ֆերմերների մոտ առաջացավ լուրջ խնդիր: Բանը նրանումն է, որ ԵՄ երկրներից մեծ մասի արտադրած կաթնամթերքի սպառման մեծ մասը բաժին էր ընկնում հենց ՌԴ-ին:
Բնականաբար, վերը նշված հանգամանքը ՌԴ շուկայում հանդիսացավ դիֆիցիտի պատճառ և ինչպես սպասելի էր, մենք դրա լրացման գործում ունենք մեր ուրույն տեղը: Օրերս հրապարակված ՌԴ կաթ արտադրողների ազգային միության հաշվետվության համաձայն Հայաստանից Ռուսաստան պանրի արտահանման ծավալները 2015 թվականի առաջին եռամսյակի համեմատ սույն տարվա հունվար-մարտ ամսիների ավելացել են երկու անգամ:
Այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ պանրի ներմուծման ծավալը կազմել է 49,3 հազար տոննա, ինչը 31%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ներմուծման աճ է արձանագրվել Բելառուսից` 41% (մինչև 41,8 հազար տոննա), Սերբիայից` 87% (2,1 հազար տոննա) և Հայաստանից` երկու անգամ (1,2 հազար տոննա):
Հուսանք, որ վերը նշված տենդենցը կպահպանվի, քանի որ այս տարվա խոնավ եղանակը արոտավայրերում առատ խոտ է խոստանում: