Artak Beglaryanի ֆլեշմոբին ենք միանում անպայման: Չենք միանում ֆեյսբուքի մեկնաբանությունների տեսքով` «բա կուզեի գայի, բայց սենց-նենց», «վա՜խ, եկանք» և այլն: Ես Ձեզ ճանապարհային քարտեզը հուշեմ (Ձեր իմացած հայ-թուրքական արձանագրություններինը չէ)`
1) Գնում ենք Վարդենիսի ճանապարհով Քարվաճառ: Նախ, այցելում ենք Դադիվանք, ապա նաև «Տաք ջրեր»: Չենք մոռանում վայելելու լեռնոտ անտառային բնությունը:
2) Վստահ եմ Գանձասարում շատերդ եք եղել, բայց այցելում ենք ևս մեկ անգամ:
3) Մտնում ենք Տիգրանակերտի պեղումների թանգարան, այցելում Տիգրանակերտ քաղաքը, ապա բարձրանում դեպի ժայռի ծեգին կանգնած միջնադարյան եկեղեցին:
4) Գնում ենք Ամարասի վանական համալիր:
5) Մտնում ենք հայ բազմաթիվ մտավորականների իր շվաքում պահած 2000-ամյա իմաստունի` Տնջրի ծառի բունը:
6) Վերոնշյալ 5 կետերը կատարելու ընթացքում չենք մոռանում շնչելու Արցախի բնությունը:
7) Գնում ենք Հադրութակողմեր: Գտչավանք, Տող գյուղ: Հա, ջրաշխարհ էլ ունենք էդ կողմերում:
8) Բարձրանում ենք Ստեփանակերտ: Ընկալում ենք 20 տարի պատերազմի շղթայով փաթաթված քաղաքի ծաղկումը նման պայմաններում: Անպայման հարմարեցնում ենք ու երեկոյան «Պյատաչոկում»` Արցախի Վերածննդի հրապարակին կից, Արտակենց հետ մեր ազգագրական պարերն ենք պարում:
9) Հասնում ենք մեր այցելության Էվերեստին` Շուշի: Գնում ենք Ղազանչեցոց եկեղեցի, գտնում Կանաչ ժամը... Իսկ հիմա, կտրվում եք աշխարհքից, որովհետև Դուք Հունոտի կիրճում եք, երևի լսել եք` Ջդրդուզ: Ես բան չեմ ասում, Դուք ուղղակի կզգաք ու վերջ...
10) Հոգնե՞լ եք... Բա էդքան ման եկաք... Չէ, բարեկամներս, հոգնել չկա: Դուք դեռ չեք այցելել Քաշաթաղ (Ես չգիտեմ ինձնից ու Անիից բացի ուրիշ էլի մարդ, որ էդքան սիրի Քաշաթաղը... չնայած ձախ աչքս ասում է, որ մարդկանց շարքն էս ամառ մեծանալու է): Քաշաթաղի միջոցով Արցախը ճանաչելու համար պետք է սկսեք հյուսիսային թևից: Ճանապարհները ծանր են, բայց վստահաբար արժեն:
10.1) Գնում եք Արախիշ, Շալուա ուղղությամբ: Վայելում եք առաջին կետում նշված բնությունը ևս մեկ անգամ: Շալուայի միջնադարյան եկեղեցում մոմ վառեք:
10.2) Իջնում եք Բերձոր, շարունակում ճանապարհը դեպի Ծիծեռնավանք, հանգստանում եք Բերդիկ գյուղի մոտ գտնվող «Տաք ջրերում», ու... Լեռնահովիտ (անկեղծ` չեմ եղել, բայց ում խորհուրդ եմ տվել այնտեղ գնալու, տեսածից մինչ այժմ կարծես չեն կշտացել, էլի են ուզում գնալ):
10.3) Հիմա, երբ կշտացել եք` լեռների մաքրամաքուր օդը շնչելով, թեքում եք Ձեր ճանապարհը դեպի հարավային ուղղություն` Արաքսի վտակ Հակարի գետի հովիտ: Կանգառ եք անում Ծաղկաբերդ գյուղ չհասած գետի ափին` «բիսետկի» մոտ:
10.4) Հասնում եք Գետամեջ գյուղ, հանդիպում եք Սիրիայից Քաշաթաղ հայրենադարձված, գյուղում ամուսնացած, արդեն հայր դարձած Արթինի հետ (ի դեպ, Բերձորում կարող եք այցելել նրա եղբորը` Գևորգին, կարող եք Ձեր երկարած մազերը վստահել նրա մկրատին):
10.5) Հաջորդ կանգառը Իշխանաձոր գյուղն է:
10.6) Հասանք... Դուք երբևէ կպատկերացնեի՞ք, որ կարող եք Արցախում, Մայր Արաքսի ափին Վանի ձմերուկ ուտե՞լ: Չէ, ուրեմն, Ձեր երազանքը կատարվեց, որովհետև տարբեր կողմերից Քաշաթաղ եկած հայերը միացել են ու երգի բառերն այստեղ իրականություն են դառնում... Հանդիպում եք Էրգրի հայերի սերունդ սիրիա-լիբանանահայերի, հասնում եք Մուշ, մտնում Վան ու Ալաշկերտ:

‪#‎ԵկԱրցախ‬, ‪#‎VisitArtsakh‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել