Tert.am-ը գրում է.
Հայաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը Գերմանիայի հետ՝ բոլոր ուղղություններով: Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով հայտնեց, որ տիկին Բուլմանի հետ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հանդիպել խորհրդարանականների հետ:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ թե՛ հայկական, թե՛ գերմանական կողմերի կարևորում են միջխորհրդարանական համագործակցությունը:
«Մենք կարևորել ենք երկկողմ հարաբերությունների զարգացումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների կոնտեքստում: Գերմանիան ԵՄ անդամ պետություններից ամենակարևոր գործընկերներից մեկն է Հայաստանի համար: Բազում ծրագրեր կան, որ Գերմանիայի օժանդակությամբ իրականացվում են Հայաստանում, ԱԺ-ում»,- նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը:
Շարմազանովը հայտնեց, որ Էդելգարդ Բուլմանի հետ քննարկել են նաև Հայաստանում անցկացված Սահմանադրական փոփոխությունները, կարևոր էլ են ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների շարունակական հաստատումը: «Ժողովրդավարական արժեքները, կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում այլընտրանք չունեն»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը:
Նա փոխանցեց, որ քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես, ԼՂ հակամարտության կարգավորման հարցը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Գերմանիան ԵԱՀԿ նախագահող պետություն է:
Նա շեշտեց, որ Հայաստանն ու ԼՂ-ն տարածաշրջանում կայունության կողմնակիցն են: «Խոսք գնաց ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, ես ներկայացնել եմ փաստական նյութեր, հստակ փաստեր՝ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ թե՛ խաղաղ բնակչության, թե՛ զինվորների նկատմամբ: Խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում՝ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Բայց բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է իրականացնել պայմանավորվածությունները, որոնց մասին Վիեննայի հանդիպումից հետո հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ԱԳ նախարարները»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ շփման գոտում մոնիթորինգի իրականացումը հնարավորություն կտա ոչ թե հավասարության նշան դնել կողմերի միջև, այլ տարբերակել՝ ով է ապակայունացման պատճառը:
Անդրադառնալով հունիսին Բունդեսթագում քննարկվելիք Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քննարկմանը՝ Շարմազանովն ասաց, որ կարելի է կանխել նոր ցեղասպանությունները՝ դատապարտելով թուրքական կեցվածքը: «Ժխտողականությունը, լռությունը հավասարազոր է նոր ցեղասպանություններ իրականացնելուն»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:



