Ես Վիրջինիա Սմիթն եմ` 15 տարեկան: Մարսելում եմ բնակվում` մի սովորական, ճոխությամբ չառանձնացող բնակարանում` ծնողներիս և մի ծեր ջադուի հետ` որին այդպես էլ չհասկացա, թե հայրս ինչու է ապաստան տալիս: Բայց իմ պատմվածքի համար սրանք կարևորություն չունեցող նյութեր են:
Դպրոցը, եթե իհարկե կարելի է քարերի այդ համաչափ շարվածքը դպրոց անվանել, Մարսելի արվարձաններից մեկում է գտնվում: Հենց այս դպրոցի տասներորդ դասարանում էլ սովորում եմ ես:
Մենք տասնութ աշակերտ ենք, և չէի ասի, թե ապրում ենք ու սովորում մեր դասարանում մի ընտանիքի նման: Վեճերն անխուսափելի են, կռիվները` նույնպես, քանզի ինչպես հայրս է ասում.
«Կռվելն ու վիճելն ինքնահաստատվելու ամենատարածված ձևերն են պատանիների շրջանում»:
Մեր մեջ կա մեկը, ով մեզ նման չէ` չի վիճում ու կռվում, չի շփվում մեզ հետ և դեռ մի բան էլ գազարի է նման:
Այս աղջիկը շատ բարձրահասակ և նիհար է, նարնջագույն մազեր ունի, հիվանդագին գունատ է, և դա չէր կարող իր արձագանքը չգտնել դասարանում` ծաղրի ձևով:
Մենք նրան Գազար անունը տվեցինք: Այս աղջիկը, ում իրական անունը Բերտա է, իր նմանը չունի երկրի երեսին: Ժամանակ է գալիս, երբ տատանվում եմ՝ մի՞թե նա էլ մեզ պես մարդ է, ով ապրում է, շնչում և սիրահարվում գուցե: Մի օր ընկերներով որոշեցինք տեսնել, թե Բերտան ինչով է զբաղվում ամբողջ օրը և ուղևորվեցինք դեպի իրենց թաղամաս:
Զարմանալի տեսարանի հանդիպեցինք. Բերտան, նստած տան տանիքին, օդապարուկ էր թռցնում և անդադար նայում օդում լողացող գույների բազմազանությանը:
Իրոք որ այս աղջկա մեջ տարօրինակություններն արդեն չափն անց են:
Դաս է, Բերտան չկա. «Երևի դեռ օդապարուկներին է նայում»,-կատակում են տղաները:
Ուսուցչուհուն դուրս կանչեցին. դասարանում բարձրացած ժխորը մեռյալ լռության վերածվեց, երբ ուսուցիչը հայտնեց, որ Բերտան ընկել է տանիքից և ոտքը կոտրել:
Ոչ, մենք սխալվում էինք. կոտրվածք ունենալը մարդկային հատկանիշ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել