Խորհրդային հայազգի հերոսների մասին իմ դիրքրոշումը հստակ է. նրանք պատմություն են ու անկախ իրենց ապրած ժամանաշրջանից և կատարած հրամաններից, պետք է հիշվեն և գնահատվեն։ Բայց դա չպետք է արվի նորանկախ Հայաստանի հերոսների հաշվին։ Ընդհանրապես փողոցների անվանափոխությունների ու հուշարձանների տեղադրման առումով Քաղաքապետարանը, սկսած ավագանուց, վերջացրած տվյալ հարցերով զբաղվող վարչությունով, շատ վատ է աշխատում։ Այս պահին հաստատ Բաբաջանյանի արձան տեղադրելու հարմար ժամանակը չէր։ Մոնթեն ընդամենը մի խղճուկ կիսանդրի ունի Երևանում` Հաղթանակ զբոսայգու խորքերում ծվարած։ Մոնթեն առաջին հերթին նվիրումի խորհրդանիշ էր, ոչ թե անձ կամ «կռված տղա», ինչպես նորաձև է վերջին շրջանում։ Նրան առաջնահերթ պետք է արժանին մատուցվեր։
Կարելի է փաստել, որ արձան–հուշարձանների ոլորտը բարձիթողի վիճակում է գտնվում։ Դեռևս անցյալ տարվանից խոսակցություններ են գնում Լենինգրադյան փողոցն անվանակոչել Լեոնիդ Ազգալդյանի անունով։ Դեռ նորություն չկա, համենային դեպս ես չեմ հանդիպել։ Իսկ փողոցները չեն շտապում անվանակոչել, որովհետև ստիպված են լինելու փոխել ողջ թղթաբանությունը, իսկ բոլորին է հայտնի, թե մեծամասամբ իրենց բնույթով ինչպիսի դիլետանտներ են աշխատում այդ գերատեսչություններում, այդքանը ի մի բերելը դժվար կարողանան։ Դրա համար էլ նախընտրում են անճաշակ ու գավառական արձաներ տեղադրել, երբեմն էլ ժառանգների անմիջական պատվերով և համապատասխան վճարի դիմաց։
Բաբաջանյաին արձանի տեղադրումը ռուսահպատակության նշան չեմ դիտարկում։ Վերջին հաշվով նա ևս Արցախի ծնունդ հայորդի էր, բայց կամ պետք էր դեռևս իր մահից հետո այն տեղադրել (1977թ.) կամ էլ Արցախյան ազատամարտի ընկած հերոսների հիշատակը արժանվույնս գնահատելուց հետո։ Առավել ևս ապրիլյան դեպքերից հետո սա հեչ տեղին չէր։ Էլ տեսքի ու ճաշակի մասին չխոսեմ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել