Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Նաեւ սոցիալական մեդիա դասընթացավար: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Այն օրը 13 տարեկան աղջիկս փրկել էր լրագրությունը: Հայաստանյանը չէ: Ամբողջ աշխարհի լրագրությունը:

Էդպիսի խաղ կա՝ եթե աշխարհը վերանար ու կյանքը զրոյից սկսեր, ո՞ր երեք  մասնագիտությունների տեր մարդկանց պետք կլիներ պահպանել ապագայի համար: Խաղի յուրաքանչյուր մասնակից մի մասնագիտություն է պաշտպանում: Աղջկաս բաժին էր հասել լրագրությունը: Նա էլ խաղի մասնակիցներին կարողացել էր համոզիչ բացատրել, որ եթե լրագրող չլինի, ապա ոչ ոք չի հիշի, թե ինչպիսին է եղել մարդկությունը ու չի կարողանա ճիշտ պատմություններ փոխանցել նոր կյանք սկսող մոլորակի ապագա բնակիչներին: Լրագրողի մասնագիտությունը փրկվել էր:

Այս պատմությունը ինձ ոգեշնչում է գրելու լրագրողների ուժեղ հատկանիշների մասին: Հասկանալի է, որ ես չեմ ճանաչում բոլորին ու յուրաքանչյուր լրագրող առանձնահատուկ է, սակայն կան հատկանիշներ, որոնք ընդհանուր են:

Լրագրողները արագ են սովորում: Մասնագիտությունն է այդպիսին՝ ամեն օր ծանոթանալ-հետազոտել նոր գործ, մարդ, բնագավառ ու հետո սովորածդ ու ընկալածդ փոխանցել լսարանին: Տեղեկատվություն ստանալու, լրացնելու, ստուգելու ու պատմելու հմտությունը շատ արժեքավոր է:

Լրագրողները անընդհատ կատարելագործվում են: Աշխատանքային տարիների ընթացքում նրանք հղկում են այն, ինչից այնքան էլ ուժեղ չեն եղել: Սովորում են լուսանկարահանել ու տեսանկարահանել, աշխատել նորանոր համակարգչային ծրագրերի ու բջջայինների հավելվածների հետ, կիրառել անընդհատ զարգացող տեխնոլոգիաները:

Լրագրողները պահպանում են վերջնաժամկետը: Երբ ամեն օր պետք է ժամանակին նյութ պատրաստես, սովորում ես կառավարել ժամանակը ու չուշանալ: Այս կարևոր հմտությունը լրագրողներին իրենց աշխատանքի նկատմամբ շատ պատասխանատու է դարձնում:

Լրագրողները աշխատասեր են: Այս մասնագիտությունը նորմավորված աշխատանքային ժամանակ չունի: Լրագրողներն օրվա մեջ սովորաբար աշխատում են այնքան, որքան անհրաժեշտ է նյութը ավարտելու համար: Նրանք չեն խուսափում նոր պարտականություններից ու պատվով են կատարում դրանք:

Լրագրողները քննադատաբար մտածողներ են: Համալսարաններում նրանց ասում են՝ «Եթե մայրդ ասում է` քեզ սիրում է՝ ստուգիր»: Նրանք պետք է ստուգեն սեփական փորձով, հայտնաբերեն անտեսանելի կապերը, կոտրեն կարծրատիպերը, ստուգեն տեղեկատվությունը ու գտնեն բոլոր գլխավոր հարցերի պատասխանները:

Լրագրողները միաժամանակ մի քանի գործ են անում: Նրանք միայն տեքստեր չեն գրում. կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել, պատկերներ մշակել համակարգչային մոնտաժային ծրագրերի օգնությամբ: Նրանք գիտեն` ինչպես անհրաժեշտ տեղեկատվությունը արագ գտնել ինտերնետում: Շատ դեպքերում լրագրողները հետազոտողի աշխատանք են կատարում՝ ռեկորդային կարճ ժամանակում առաջ քաշելով վարկածներ, ստուգելով դրանք ու եզրահանգումներ անելով:

Լրագրողները բարոյական արժեքներ կրողներ են: Լրագրությունը մարդասիրական մասնագիտություն է: Պատահական չեն էթիկայի կանոնագրերը, որոնք ստորագրող լրագրողները խոստանում են նվերներ չընդունել, հեռու մնալ շահերի բախումից ու էլի շատ կամավոր աշխատանքային սահմանափակումների են համաձայնում: Լրագրողները գիտեն` ինչպես աշխատել երեխաների հետ, ինչպես ներկայացնել հասարակության խոցելի խմբերը: Նրանք չեն միանում մարդատյաց ուղղվածություններ ունեցող նախաձեռնությունների:

Լրագրողները սիրում են իրենց աշխատանքը: Նրանք աշխատում են շատ ու հաճախ վաստակում են քիչ, սակայն չեն տրտնջում: Պատճառը մասնագիտական սերն է: Լրագրությունը աշխարհում ամենահետաքրքիր մասնագիտություններից է, լրագրողներն էլ հետաքրքիր մարդիկ են:

Գեղամ Վարդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել