Tert.am-ը գրում է.

2015 թ.-ի պետական բյուջեն ամբողջապես կատարված է: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:


Մանրամասնելով, թե ինչպես է տեղի ունեցել բյուջեի կատարման գործընթացը, Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ տնտեսական աճը կազմել է 3 տոկոս, որը կրել է հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող գումարների կրճատման, տնտեսության վարկավորման մակարդակի նվազման ազդեցությամբ:


Նա նշեց, որ տնտեսական աճին նպաստել են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ծառայությունները, իսկ շինարարությունն ունեցել է բացասական ազդեցություն՝ 0,4 տոկոսով:


«Կրճատվել է նաև վերջնական սպառումը, այն նվազել է: Նախորդ տարվա նկատմամբ վերջնական սպառումը նվազել է 6,5 տոկոսով: Կապիտալ ներդրումները նվազել են 5,1 տոկոսով՝ պայմանավորված մասնավոր ներդրումների 8,9 տոկոս նվազմամբ, այն դեքում, երբ պետական ներդրումներն աճել են: Արձանագրվել է միջին գնաճի 3,7 տոկոս, որը գտնվում է օրենքով սահմանված միջակայքում: Հաշվետու տարում աշխատավարձերն աճել են 7,8 տոկոսով, պետական մակարդակում՝ 8,8 տոկոսով, ոչ պետական հիմնարկներում՝ 6,6 տոկոսով: Գործազրկությունը կազմել է  18,5 տոկոս»,-  նշեց Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ արտաքին առևտրի բացասական մնացորդը նախորդ տարվա համեմատ ևս կրճատվել է, արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 4 միլիարդ 741 միլիոն ԱՄՆ դոլար, այսինքն՝  նվազել է նախորդ տարվա համեմատ 20,6 տոկոսով:  Ըստ Ջանջուղազյանի՝ ներկրումները նվազել են 2,9 տոկոսով, արտահանումները՝ 3,9 տոկոսով:

Ամփոփելով Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2015թ.-ի պետական բյուջեով  ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջությամբ ու ժամանակին հնարավոր է եղել ապահովել, ուստի դրանք կատարված են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել