Մայիսի 23։ Հայաստանում պահեստային զինված ուժեր չկային։ Ամբողջ օրը Ապարանի ռազմաճակատում թշնամուն դիմագրավել են ապարանցի աշխարհազորայինները։ Թուրքերը հրետանու և գնդացրային կրակով ճնշել են մոտ 8 կիլոմետրանոց ռազմաճակատի ամբողջ գիծը պահող աշխարհազորայիններին։ Չնայած համառ դիմադրությանը՝ կորուստները զգալի էին, և մարտական գործողությունները ղեկավարող Արսեն Տեր-Պողոսյանը երեկոյան հրամայել է նահանջել երկրորդ գիծ։ Ապարանի և Աշտարակի գավառակների թիկունքային գյուղերից Սեդրակ Ջալալյանը կարողացել է մարտադաշտ ուղարկել աշխարհազորայինների մի քանի նոր ջոկատ։ Առաջինը մարտադաշտ են հասել 100 դովրեցիներ՝ քահանա Տեր Գևորգի գլխավորությամբ։ Երեկոյան կողմ միայն ապարանցի աշխարհազորայինների թիվը հասել է 4500-ի, աշտարակցիների հետ՝ 5000-ի։ Դրոն ոտքի է հանել ու Ապարանի ճակատ ճանապարհել գրեթե բոլոր զինված խմբերը։ Մինչև կեսգիշեր Ապարանի ռազմաճակատ են հասել գանձակեցի պորուչիկ Զեմլյակի (Հարություն Նանումյան), զանգեզուրցի Յապոնի, գառնեցի Մարտիրոսի, Քաչալ Ղազարի, սասունցի Մանուկի, մակվեցի Մեսրոպի (հին բայազետցիների), բուլանղցի Մուրադի ջոկատները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nakhshkaryan/posts/1156821674362379
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել