Panorama.am-ը գրում է.

Մայիսի 20-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը իրար հաջորդող հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես սովորաբար Լեռնային Ղարաբաղի հետ կապված հաղորդագրություններում, այս անգամ ևս Հայաստանի և Միացյալ Նահանգների տեսակետերը բանակցությունների (հեռախոսազրույցի) բովանդակության հետ կապված համընկնում են, մինչդեռ Ադրբեջանը առաջարկում է տրամաբանորեն և տրամագծորեն տարբերվող ընկալում:

Սպիտակ տան մամլո ծառայությունը մեկ ընդհանուր հաղորդագրությամբ է անդրադարձել երկու հեռախոսազրույցներին:

Տարածված հաղորդագրության տեքստում համառոտ և հասկանալի կերպով ընդգծվում է, որ Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի «առաջնորդները համաձայնել են գործող ԵԱՀԿ առաքելությունը ընդլայնելու իրենց խոստումը արագորեն իրականացնելու կարևորության և ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմը վերջնական տեսքի բերելու հարցերում»:

Նշվում է նաև, որ Բայդենը կոչ է արել երկու երկրների ղեկավարներին «շարունակել պահպանել հրադադարի ռեժիմը» և կարևորել է հունիսին սպասվող հանդիպումը, որպես համապարփակ կարգավորման հասնելու բանակցությունների սկիզբ:

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության ներկայացմամբ, հեռախոսազրույցը վերաբերել է Վաշինգտոնում անցկացված Միջուկային անվտանգության համաժողովի ընթացքում Բայդեն-Ալիև հանդիպմանը քննարկված հարցերին և այդ քննարկումների վերաբերյալ Ալիևի հուշերին, ինչպես նաև ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ապագային: Լեռնային Ղարաբաղին առնչվող մեկ նախադասության մեջ նշվում է, որ Ալիևը նշել է միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ կարգավորում գտնելու կարևորության մասին:

Մայիսի 20-ին կայացած հեռախոսազրույցից քիչ անց, ուշ երեկոյան Հայաստանի նախագահի մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի հիմնական թեման եղել են «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող խնդիրները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել